Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` կաթողիկոսը կարևորել է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Նա ողջունել է երկու երկների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը:
Կաթողիկոսը հաստատել է, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքները փոխանցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:
Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին անդրադարձել է Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավաճակի մասին` Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Զուրաբիշվիլին նաև անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկել են նաև երկու երկրների ու ժողովուրդների կյանքը հուզող խնդիրներ:
Հանդիպմանը ներկաեն եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և երկու երկրների դեսպանները: