Վրաստանից 2019 թվականի առաջին ամսում 847 տոննա խնձոր է արտահանվել: Ինչպես գրում է East Fruit-ը, այս ցուցանիշը Վրաստանի անկախության պատմության մեջ ռեկորդային է: 2018 թվականի հունվարին Վրաստանից արտահանվել է ընդամենը 6 տոննա խնձոր, ինչը նշանակում է, որ այս տարվա ցուցանիշը 140 անգամ ավելի է:
«Վրաստանը խնձորի արտադրությունը զգալիորեն ավելացրել է, ինչը պայմանավորված է 2018 թվականի աշնանը ներքին շուկայում խնձորի գնի նվազեցմամբ և այդ տենդենցը պահպանվել է մինչև այսօր: Կարծում ենք՝ Վրաստանը պետք է նաև այլ շուկաներ փնտրի: Այսօրվա դրությամբ, միայն ռուսական շուկան է, որտեղ որակի ցածր պահանջներ են, սակայն գինը նույնպես ցածր է: Բացի դրանից, հակասանկցիաների պատճառով մրցակցությունն արհեստականորեն սահմանափակվում է: Այս ամենի հետ մեկտեղ՝ խնձորի 92 տոկոսը արտահանվում է Ռուսաստան»,- հայտարարել է տնտեսագետ Անդրեյ Յարմակը:
Վերջինիս խոսքով, սեզոնի առաջին կեսին (2018 թվականի օգոստոսից 2019 թվականի հունվարը ներառյալ) Վրաստանն արդեն 2.6 հազար տոննա խնձոր է արտահանել:
Բացի Ռուսաստանից, Վրաստանը խնձոր է արտահանում նաև Ադրբեջան, Ուկրաինա և Հայաստան: Ավելի փոքր քանակով նաև Ղազախստան: