Այսօր` մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, Հայաստան է մեկնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, արտգործնախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին և մի խումբ պատգամավորներ:
Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծախկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Զուրաբիշվիլին նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Այնուհետև Զուրաբիշվիլին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նախագահները խոսել են երկու երկրների դարավոր բարեկամության ու բոլոր ոլորտներում համագործակցության հսկայական ներուժի մասին:
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, թե բարձր է գնահատում այն իրողությունը, որ Արմեն Սարգսյանը միակ նախագահն է, որը ներկա է գտնվել իր երդմնակալության պաշտոնական արարողությանը: Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ երկու երկրներին միավորում է ոչ միայն աշխարհագրությունն ու պատմությունը, այլ նաև Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները:
Վրաստանի նախագահը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է՝ «Վրաստանի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք»: Իր հերթին, Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Վրաստանի և Հայաստանի հակամարտությունները նույնատիպ չեն։
Սալոմե Զուրաբիշվիլին նաև հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նշել է, որ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունեն:
Վրաստանյան մամուլի արձագանքը
Վրաստանյան մամուլը բավականին ակտիվ լուսաբանեց Զուրաբիշվիլիի այցը Հայաստան: Գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներն այսօր այս կամ այն կերպ անդրադարձան Զուրաբիշվիլիի այցին: Տեղեկատվությունը հիմնականում պաշտոնական էր:
Միայն Sputnik — Georgia-ն էր նախապես նյութ հրապարակել, որտեղ փորձագետները խոսում էին այցի պատճառի և հնարավոր թեմաների մասին: Հոդվածում նշվում է, որ Զուրաբիշվիլին պետք է խոսեր սահմանագծման մասին:
Իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմանը» սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքն ուշադրություն էր դարձրել այն փաստին, որ վրացական պատվիրակության կազմում է գտնվում արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, քանի որ վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ նա հեռանում է պաշտոնից: Վերջինս, թեև անձամբ էր խոսել իր` հնարավոր հեռանալու մասին, հետագայում հերքեց լուրը: