Վրացական ավիափողադրող Georgian Airways ընկերությունը նորից բողոքում է Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների օպերատոր կազմակերպության` TAV Urban Georgia-ի դեմ:
Ավիաընկերությունը հերթական անգամ թուրքական օպերատորին մեղադրում է ոչ մարդկային աշխատանքային պայմաններ ստեղծելու մեջ: Ավիաընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ վաղը Թբիլիսիի միջազգային օդանավակայանի առջև TAV Urban Georgia-ի դեմ բողոքի ակցիա է անցկացվելու:
TAV Urban Georgia-ն թուրքական TAV Airports Holding-ի դուստր ընկերությունն է: 2007-ի մայիսին Թբիլիսիում ժամանակակից օդանավակայան է կառուցվել: Թուրքական ընկերությունը ստացել է մինչև 2027 թվականը օդանավակայանը կառավարելու իրավունք ու պարտավորվել դրա զարգացման համար 30 միլիոն դոլար ներդրում կատարել: Վրաստանից բացի ընկերությունը ղեկավարում է նաև Թունիսի, Թուրքիայի, Մակեդոնիայի, Լատվիայի, Սաուդյան Արաբիայի, Խորվաթիայի օդանավակայանները:
Թբիլիսիում պետական ավիափոխադրող չկա: Georgian Airways-ը, կամ վրացական ավիաուղիները մասնավոր ընկերություն է:
«Թուրքական TAV Urban Georgia օպերատորը Georgian Airways-ին հնարավորություն չի տալիս Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թռիչքներ կատարել ու պահանջում է անիրական պարտքերի մարում, սրա հիմնական նպատակը մեր ավիաընկերությանն ու ուղևորներին կողոպտելն է: TAV Urban Georgia-ն տարեկան 400 մլն լարի է ստանում Վրաստանից, այնուամենայնիվ մենք ունենք տարածաշրջանում ամենավատ օդանավակայանը, իսկ Բաթումիում անտանելի պայմաններ են», — ասված է ընկերության հայտարարությունում: Նրանք գտնում են, որ TAV Urban Georgia-ն խանգարում է վրացական ավիացիայի զարգացմանը, պնդում են, որ TAV Urban Georgia-ի սահմանած հարկերը չկա Եվրոպական ոչ մի երկրում:
Ըստ ավիաընկերության՝ ստրկային պայմաններ են նաև տաքսի ծառայության ոլորտում: Հյուրը օդանավակայանից քաղաքի կենտրոն հասնելու համար ստիպված է օգտվել TAV Urban Georgia-ի տաքսիներից, գինը արժենում է մոտ 45 լարի: Այլ տաքսիներ օդանավակայանի տարածքում կանգնելու իրավունք չունեն:
TAV Urban Georgia-ն արդեն պատասխան հայտարարություն է տարածել ու ավիաընկերությանը մեղադրել խտրականության ու ապատեղեկատվություն տարածելու մեջ: