Վերջին օրերի ընթացքում վրացական մի քանի լրատվամիջոց ակտիվորեն տարածում են «Հայաստանն Աբխազիայում մշակութային ինքնավարություն է ստեղծել» վերտառությամբ հոդվածներ: Ապատեղեկատվությունը մեկնաբանությունների մեծ ալիք էր բարձրացրել վրացական info9.ge, marshalpress.ge և այլ լրատվական կայքերում, որոնց կողմից էլ տարածվել էր այն: Տեղեկատվությունը լայն տարածում ստացավ նաև սոցիալական ցանցերում:
Մարտի 10-ին հրապարակված հոդվածը հղում է անում kavkazplus.com-ին, իսկ այս կայքում նման վերնագրով հոդված տեղադրված է եղել 2016 թվականին: «Կավկազպլուս» -ի հոդվածում ասվում էր՝ Աբխազիայում գործող «Կռունկ» ՀԿ֊ն առաջարկում է ստեղծել ազգային-մշակութային ինքնավարություն: Հոդվածի համաձայն, այս նախաձեռնությունն Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի անդամներն առաջարկել էին քննարկել:
«Կավկազպլուս» -ի հոդվածում հիմնականում ասվում է, որ ազգային-մշակութային ինքնավարություն ստեղծելու հիմնական նպատակն է ներքին և արտաքին առևտրի հարցերով անկախ որոշումների կայացումը, լեզվի, կրթության ու ազգային մշակույթի զարգացումը»: Սրա հետ մեկտեղ, «Կռունկը» գրում էր, որ հայերն ակտիվ մասնակցություն ունեն Աբխազիայում «վրացական ֆաշիզմի դեմ պայքարում»:
2016 թվականին հրապարակված այս հոդվածը տարածվել էր նաև 2017 թվականին ֆեյսբուք սոցիալական ցանցում «Իբերիական միություն» էջի կողմից: Նշված գրառումով կիսվել է մոտ 3 900 օգտատեր:
Հաջորդ օրը ևեթ ադրբեջանական «Ինտերֆաքսում» նյութ է տարածվում, որի համաձայն «Վրաստանում ադրբեջանական հանրությունը նախագահին ու վարչապետին դիմում է հայկական անջատողականությունը դադարեցնելու նպատակով»: Նյութի համաձայն, հայտարարությունը ստորագրել են Վրաստանում «ադրբեջանական հանրության ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպություները», այդ թվում նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովը:
Վրացական մամուլում վերջերս հաճախ են տարածվում հակահայկական բնույթի կեղծ կամ հին նյութեր:
«Արձագանք» հասարակական կազմակերպության ղեկավար Գիորգի Թումասյանն «Ալիք մեդիային» ասում է, որ վրացական մամուլում ադրբեջանական կայքերում տեղադրված հակահայկական կեղծ լուրերը թարգմանվում են վրացերեն և օգտագործվում վրաց հասարակությունում հայատյացություն սերմանելուն։
«Նույն կեղծ լուրը տարիների ընթացքում բազմիցս են տարածել և այս դեպքում էլ գործ ունենք ադրբեջանական կեղծ լուրերի կայքի՝ kavkazplus.com-ում 3 տարի առաջ տեղադրված լուրի հետ, ինչը հաստատում է, որ գործ ունենք հատուկ քաղաքականության հետ։ Իսկ այն փաստը, որ շատ այսպիսի վրացական կայքերը նոր են ստեղծվել, չի բացառվում, որ դրանք ֆինանսական շահ ունեն հակահայկական կեղծ նյութեր տարածելու մեջ»,-ասում է Թումասյանը:
Խնդրի լուծումը Թումասյանը տեսնում է համայնքի ակտիվացման մեջ, ինչպես նաև առաջարկում է հարցի ուղղությամբ քայլեր անել Հայաստանի իշխանություններին:
«Անրաժեշտ է Վրաստանում հայ համայնքը ձեվավորել և համայնքը հզորացնել։ Մեկ տարի է անցել հեղափոխությունից բայց մինչ օրս Հայաստանի նոր իշխանությունները մեր համայնքի հզորացման և մեր շատ բարդ խնդիրների լուծման համար դեռ ոչ մի քայլ չեն ձեռնարկել։Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան որ Վրաստանը միայն իր իշխանությունը չէ, իշխանությունները փոխվում են, բայց ժողովուրդը, որը լի է հայատյացությամբ, մնում է։ Այսպիսի մարդկանց տոկոսը վրաց հասարակությունում արդեն մեծ թիվ է կազմում և գնալով աճում է»։
«Ալիք Մեդիան» առաջիկայում կանդրադառնա նման հոդվածներին, կհրապարակի տարբեր փորձագետների կարծիքները: