Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը ցրվեց

Վրաստանի խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» խմբակցությունը կորցրեց խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակը։ Նման փաստի առաջ խմբակցությունը կանգնեց, քանի որ վերջին շրջանում մեծամասնության կազմը («Վրացական երազանքը») լքեցին մի շարք պատգամավորներ:

Խորհրդարանի օրենսդրության համաձայն, խորհրդարանական փոքրամասնություն ձևավորվում է այն դեպքում, երբ փոքրամասնությունում միավորվում են մեծամասնությունից դուրս գտնվող պատգամավորներից կեսից ավելին:

Այսօր արդեն մեծամասնությունից դուրս գտնվող պատգամավորների թիվը հասնում է 21-ի, իսկ 9-րդ գումարման խորհրդարանում փոքրամասնությունը կազմված էր «Եվրոպական Վրաստանի» 20 պատգամավորով:

Մինչ այս, մեծամասնությունից դուրս պատգամավորների թիվը 14-ն էր, ինչը թույլ էր տալիս «Եվրոպական Վրաստանի»-ն պահպանել փոքրամասնության կարգավիճակը։

Այսպիսով փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն ևս կորցնում է կարգավիճակը: «Եվրոպական Վրաստանը» զրկվում է փոքրամասնության մի շարք կարևոր լիազորություններից:

Վերջին շրջանում խոսակցություններ կան, որ «Եվրոպական Վրաստանն» ու Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր ուժերը հնարավոր է փոքրամասնության կարգավիճակ ունենալու նպատակով խորհրդարանում միավորվեն։