«Բացառում եմ, որ դա միտումնավոր արված լինի». Ռուսլան Պողոսյան

Շուրջ մեկ շաբաթ առաջ համացանցում տարածվել էին «Վրացական երազանք» կուսակցության կողմից հրապարակված հայալեզու թերթի օրինակները: 17․500 տպաքանակով, 16 էջից բաղկացած թերթում ներկայացված են կուսակցության առաջնորդների կենսագրությունները, ինչպես նաեւ այլ հոդվածներ՝ կապված կուսակցության նախընտրական քարոզարշավի հետ:новый коллаж

Թերթի առաջին իսկ էջերում նկատելի էին ինչպես ուղղագրական եւ քերականական, այնպես էլ փաստական սխալներ: Թերթի մասին սոցիալական ցանցերում վրդովմունք առաջացավ, որտեղ հայտնվեցին գրառումներ՝ տառասխալների եւ սխալ թարգմանության վերաբերյալ։Արձագանքողների թվում էին «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը, «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը և այլոք:

Ալիք մեդիան երկու անգամ այցելել է Վրացական երազանք կուսակցության գրասենյակ Թբիլիսիում, փորձելով խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ: Սկզբում կուսակցության ներկայացուցիչները հերքեցին թերթը տպելու հետ առնչություն ունենալը, տեսնելով թերթի լուսանկարները խոստացան պարզել և կապվել մեզ հետ, սակայն այդպես էլ կապ չհաստատեցին: Օգոստոսի 18֊ին Ալիք մեդիան եւս մեկ անգամ այցելեց կուսակցության գրասենյակ: Այս անգամ կուսակցության մամլո ծառայությունից նախ ներողություն խնդրեցին, ապա տեղեկացրեցին, որ խնդիրը տեխնիկական վրիպման արդյունք է և հրաժարվեցին լրացուցիչ մեկնաբանություն անել:

tert6

«Ալիք մեդիան» հեռախոսազրույց ունեցավ «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ: Պատգամավորը հաստատեց, որ սխալները տեխնիկական վրիպման արդյունք է եղել և որ այժմ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ.

«Դա տեխնիկական սխալ է, մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, և մոտ ապագայում կլինի ավելի պրոֆեսիոնալ թարգմանություն: Թերթը թարգմանելու եւ խմբագրելու համար որոշակի ժամանակ է հարկավոր: Թարգմանության գործընթացը կավարտվի մինչեւ շաբաթվա վերջ, որի վրա աշխատում է նոր խումբ: Մենք խոստանում ենք, որ թարգմանությունը կլինի բարձր մակարդակով»: Ռուսլան Պողոսյանի խոսքով` ոչ բոլոր օրինակներն են տարածվել.

«Բոլոր օրինակները չեն հասցրել տարածել: Առաջին իսկ փուլից սխալները նկատել ենք և տարածելու գործընթացը կասեցրել: Դա քարոզչական թերթ է, որտեղ ներգրավված չէ ամբողջությամբ նախընտրական ծրագիրը, ներկայացված են այս տարիների ընթացքում կատարված  աշխատանքը»։

Պողոսյանը բացառեց, որ սխալները միտումնավոր են արված: «Իհարկե շատ տհաճ իրավիճակ է, կցանկանայի ժողուրդը ըմբռնումով մոտենար հարցին, չվիրավորվի և ամեն ինչ լավ կլինի»,֊ նշեց պատգամավորը:

Թողնել պատասխան