Վրաստանում ծխախոտի թանկացումը փաստի առաջ է կանգնեցրել ծխախոտ օգտագործողներին, որոնք ծխախոտից հրաժարվելու փոխարեն անցել են մեկ այլ՝ առավել մատչելի, սակայն ավելի անառողջ մեթոդի կիրառմանը։
2018 թվականի տվյալներով, Վրաստանում 1.1 միլիոն մարդ ծխախոտ է օգտագործում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ծխախոտի պատճառած վնասից տարեկան 11 հազար մարդ է մահանում, իսկ 3 հազար մարդ` պասիվ ծխելուց: Ընդ որում, ծխողների 40 տոկոսը ցանկանում է հրաժարվել ծխախոտից:
Վրաստանում վերջին շրջանում ծխախոտը զգալիորեն թանկացել է: Թանկացումները կապված են միջազգային պարտականությունների հետ:
Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն ասում է, որ 2024 թվականին ընդառաջ բոլոր տեսակի ծխախոտային ակցիզների գները կբարձրանան, որի նպատակը ծխախոտ օգտագործողների թվի նվազեցումն է:
Նոր կանոնակարգեր ընդունելուց հետո ծխախոտի արդյունաբերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է 30 տոկոսով: Այս մասին հայտարարել է «Բրիթիշ Ամերիքան Տոբակոս» կորպորացիայի տնօրեն Զվիադ Սխվիտարիձեն: Ըստ նրա, սիգարետի վաճառքի նվազեցման հետ մեկտեղ ավելացել է թութունի վաճառքն ու ապօրինի վաճառքի ցուցանիշը:
Ծխախոտի թանկացմանը «դիմակայելու» համար ծխող մարդիկ գտել են այլընտրանքային ճանապարհ, որը մի քանի անգամ էժան է: Վրաստանի ողջ տարածքով օրեցօր աճում է թութունի պահանջարկը: Բացառություն չի կազմել նաև Ջավախքը, որտեղ ծխողների գերակշռող մասը գնում է թութուն, թուղթ, ֆիլտր և հատուկ սարքավորում, որի միջոցով տնային պայմաններում պատրաստում է ծխախոտ:
30 ամյա Ալեքսանի խոսքերով թութուն ծխել սկսել է նախորդ տարվա վերջերից, երբ արդեն մեկ տուփ ծխախոտը գնում էր 5 լարիով:
«Կան տարբեր գների թութուններ, սակայն մենք իրականում չգիտենք որն է ավելի վնասակար: Առնում ենք միջին գնով՝ մոտավորապես 100 գրամը 6 լարիով: Ծխում ենք, բայց միևնույն ժամանակ զգում, որ սա ավելի վնասակար է, քան ծխախոտը: Թութունի հետևանքով ավելի շատ եմ հազում, ունեմ գլխացավ»,- ասում է Ալեքսանը:
35 ամյա Արսենի խոսքերով, ծխախոտի օրեցօր թանկանալու հետ մեկտեղ արդեն սկսել են մտածել չծխելու մասին, սակայն թութունի ու ծխախոտ պատրաստելու միջոցների հասանելիությունն ու մատչելիությունը նորից դրդեց ծխելուն։
«Եթե առաջ տալիս էինք 4 լարի մեկ տուփ ծխախոտին, ապա այժմ թութունի դեպքում նույնիսկ կեսից պակաս ենք վճարում: Սա նույնպես վատ է անդրադառնում ծխողների վրա, քանի որ թանկանալու դեպքում ցանկանում էինք գոնե քիչ ծխել, իսկ այժմ քանի որ էժան է, ինքնաբերաբար սկսում ենք շատ ծխել»,- ասում է Արսենը:
Ու թեև Վրաստանի կառավարության նպատակը ծխախոտի օգտագործման նվազեցումն է, սակայն ակնհայտ է, որ ծխողների համար բացվել է նոր դուռ, որը ինչպես իրենք են ասում, մատչելի է, սակայն մի քանի անգամ ավելի վնասակար։ Փաստորեն, ստացվում է, որ ունքը սարքելու փոխարեն, կարծես աչքն է վնասվելու։