Վրաստանի խորհրդարանի տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ռոման Կակուլիան ներողություն է խնդրել «Թիբիսի» բանկի դիտորդ խորհրդի նախկին նախագահ Մամուկա Խազարաձեից և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեից՝ գնահատելով հանձնաժողովի երեկվա նիստն ամոթալի: Այդ մասին «Պալիտրանյուսի» եթերում հայտարարել է Ռոման Կակուլիան:
Երեկ՝ փետրվարի 26֊ին Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստ, որի մասնակիցները խոսքի իրավունք չեն տվել «Թիբիսի» բանկի նախկին և ներկա ղեկավարներին։ Նիստին ներկա չի եղել Ազգային բանկի նախագահը։
Ըստ Կակուլիայի, եթե նիստին ելույթ ունենար Ազգային բանկի նախագահը, ապա, հնարավոր է, դա «Թիբիսի» բանկին ավելի վնասեր։
Չնայած հանձնաժողովում արդեն տեղի ունեցած նիստին, Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն պատրաստվում են նորից վերադառնալ խորհրդարան: Այս մասին ավելի ուշ Խազարաձեն գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ դեռևս հունվար ամսին Վրաստանի Ազգային բանկը «Թիբիսի» բանկին տուգանել էր մեկ միլիոն լարիով: Բանկը որոշում էր կայացրել վճարել տուգանքը, մինչդեռ «Թիբիսի» բանկի դիտորդ խորհրդի նախկին նախագահ Մամուկա Խազարաձեն հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։