«Վրացական երազանքը» միասնական է ու կայուն. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ անդրադարձել է «Վրացական երազանք»-ից սկսված պատգամավորների արտահոսքին:

«Իշխող «Վրացական երազանք»-ի թիմը միասնական է ու կայուն, այդպես էլ կշարունակի գործունեությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կոբախիձեն:

Վրացական լրատվամիջոցները հղվելով իշխող թիմում իրենց աղբյուրների վրա, գրում են, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավոր է լքի նաև Միրիան Ծիկլաուրին և Ռուսլան Պողոսյանը:

Հեռացող պատգամավորները խոսում են կուսակցությունում գաղափարական տարակարծությունների մասին՝ ընդգծելով նաև անժամկետ հիմունքներով դատավորների նշանակման հարցը, որից էլ փաստացիորեն սկսել են հիմնական տարաձայնությունները։

«Վրացական երազանք»-ի ազդեցիկ պատգամավորներից Էկա Բեսելիան լքեց իշխող կուսակցությունը, երբ խորհրդարանը չպաշտպանեց առաջին և երկրորդ ատյանի դատարանների դատավորների անժամկետ նշանակումը դադարեցնելու մասին օրինագիծը:

Interpressnews-ի փոխանցմամբ, Էկա Բեսելիայի և նրա համախոհների հետ համակարծիք է նաև Ռուսլան Պողոսյանը: