Վրաստանում շարունակվում է նախընտրական շրջանը, համապատասխանաբար վրացական մամուլի ուշադրության կենտրոնում են մնում ընտրություններն ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: «Interpressnews» լրատվականը փոխանցում է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեի հայտարարությունը, ըստ որի՝ Միքելաձեն երեկ դիմել է այն 9 քաղաքական կուսակցություններին, որոնց ղեկավարների մասին հանրային ռեեստրի պաշտոնական կայքում տեղեկատվություն չկա: Միքելաձեն հավելել է, որ եթե հանրային ռեեստրը հաստատի նշված կուսակցությունների իրավաբանական և իրավասու ղեկավար չունենալու մասին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի դիտարկել նրանց գրանցումը չեղյալ հայտարարելու շուրջ:
«Interpressnews»-ը փոխանցում է նաև «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Թամար Կորձաիայի ուղերձը, ըստ որի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է կասեցնել այդ 9 կուսակցության գրանցման գործընթացը, նույն կերպ, ինչպես կասեցրել է «Կենտրոնամետներ»-ի գրանցումը: Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է հրապարակել կուսակցությունների անունները, նշում է «Interpressnews»-ը: Չհեռանալով նախընտրական շրջանի թեմայից՝ միևնույն աղբյուրը տեղեկացնում է նաև «Նոր ընտրություն» նորաստեղծ քաղաքական դաշինքի և «Պետությունը հանուն ժողովրդի» կուսակցության միավորման լուրը: Նորաստեղծ քաղաքական հարթակի մասին հայտարարել է «Պետությունը հանուն ժողովրդի» կուսակցության ղեկավար Պաատա Բուրճուլաձեն: Նրա իսկ խոսքերով` նոր քաղաքական հարթակը, որի մեջ բացի իր կուսակցությունից մտնում են նաև «Գիրչի»-ն, «Նոր աջեր»-ն ու «Նոր Վրաստան»-ը, կոչվելու է «Պաատա Բուրճուլաձե շարժում, պետությունը հանուն ժողովրդի»: Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել կուսակցությունների առաջնորդներին` միասնությանը ձգտելու համար: Մինչդեռ այս ընդլայնումը չի ողջունել և դեմ է արտահայտվել Պաատա Բուրճուլաձեի ղեկավարած «Պետությունը հանուն ժողովրդի» կուսակցության անդամ Մերաբ Մետրեւելին:
Նախընտրական շրջանի իրադարձությունները չի շրջանցել նաև «News.ge»-ն՝ անդրադառնալով նոր քաղաքական հարթակի ձևավորման լուրին: «News.ge» լրատվականը տեղեկացնում է նաև Վրաստանի վարչապետի և Թուրքիայի սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարարների հանդիպման մասին: Լրատվականի փոխանցմամբ՝ նախարար Փարուկ Չելիկը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Թուրքիայի համար ծանր շրջանում երկրին ցուցաբերած աջակցության համար: Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հարցերին: Քննարկվել են նաև վրացական արտադրանքը թուրքական շուկա արտահանելու հեռանկարները: Կողմերի գնահատմամբ վերջին տարիներին համագործակցությունը երկու երկրների միջև ավելի է սերտացել: Չելիկը և Կվիրիկաշվիլին ընդգծել են գյուղատնտեսության և առևտրի ոլորտում համագործակցության համար առկա հսկա ներուժը և դրանց զարգացման խոստումնալից հեռանկարները:
«News.ge»-ն անդրադարձել է նաև արտասահմանյան լուրերին՝ հրապարակելով հոդված Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Լրատվականը, հղում անելով բրիտանական BBC-ին, նշում է, որ Թուրքիայում ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացել է 6 մարդ և վիրավորվել ավելի քան 200-ը:
«Ռուսթավի-2» հեռուստաալիքը նույնպես անդրադարձել է նորաստեղծ քաղաքական հարթակին՝ «Նոր քաղաքկան միությունը պատրաստվում է հաղթել խորհրդարանական ընտրություններուն» վերնագիրը կրող հոդվածով: «Ռուսթավի-2»-ը անդրադարձել է նաև ընտրություններին որպես դիտորդ մասնակցող ոչ կառավարական կազմակերպություններին: Հեռուստաընկերությունը նշում է, որ հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ընտրությունների վերահսկման գործընթացին կմասնակի Վրաստանում գրանցված ավելի քան 41 ոչ կառավարական կազմակերպություն:
«Ռուսթավի-2»ը Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների վեաբերյալ փոխանցում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շարքում Վրաստանի քաղաքացիներ չկան: Լրատվականը հավելում է, որ ահաբեկիչների թիրախային խումբն իրավապահներն են եղել:
Վրացական մամուլի ամենաքննարկվող թեման, անկասկած, նախընտրական շրջանն է, որը դեռեւս պետք է շարունակվի 50 օր: