Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում: Լավագույն շարադրությունների հեղինակները կխրախուսվեն «Ալիք մեդիայի» կողմից:
Իմ գյուղը շատ քչերին հայտնի մի փոքրիկ անկյուն է, որտեղ ծնվել ու մեծացել են տասնյակ սերունդներ։ Իմ գյուղը՝ Ղուլալիսն է, գտնվում է Ջավախքում՝ Նինոծմինդայի շրջանում։ Իմ գյուղը հայկական գյուղ է, որտեղ ժամանակին կյանքը եռում էր, բնակչությունը շատ էր։
Դեռ մեկ-երկու դար առաջ գյուղում բնակվել են նաև թուրքեր։ Եվ մեր գյուղի անվանումն էլ հենց թուրքական ծագում ունի. «Ղիլը Լիս»՝ սկզբնական անունն իմ գյուղի Ղուլալիս է։ Թե ինչո՞ւ են անվանել հենց այդպես, կա մի վարկած․ գյուղի կենտրոնում կանգնեցված է եղել ահռելի չափերի աշտարակ, որն էլ թարգմանաբար հին թուրքերենով նշանակում է՝ «Ղիլը»։ Հենց այդ աշտարակի կողքին եղել է մի առեղծվածային անցք՝ ըստ վարկածի՝ թունել, որն էլ օգնել է գյուղացիներին պատսպարվել, թաքնվել՝ պատերազմների ժամանակ և փրկվել մահից։ Այժմ այդ անցքի վրա կառուցված է փոքրիկ մատուռ՝ Սուրբ Մանյան։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայոց ցեղասպանության ժամանակ գյուղի հայերը փրկվել են ջարդից՝ թաքնվելով վերոնշյալ տարածքում։ Իսկ գյուղի անվանումը թուրքերին տեղի է տվել մտածելու, որ այդ գյուղը թուրքական գյուղ է։
«Լիս»֊ը այն մյուս հատվածն է, որով թունելը տարել է գետի մյուս կողմը։ Այդ վայրում հիմա պահպանվել են մաղազաններ, որտեղով մարդիկ դուրս են եկել այդ թունելից։ Կարծում եմ՝ պատմական վայրեր սիրող մարդկանց, շատ կհետաքրքրի իմ գյուղի պատմությունը։ Եվ եթե հնէաբանների կողմից լավ ուսումնասիրության ենթարկվի տեղանքը, միգուցե պատմական իրեր ևս հայտնաբերվեն։
Հետաքրքիր է նաև իմ գյուղի դիրքը. այն տեղակայված է փոսի մեջ, և ասես՝ ինքնաթիռ լինի։ Իսկ ինչո՞ւ ինքնաթիռ, դա էլ բացատրեմ. երբ բարձրանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռ (սրբավայր է փոքրիկ սարի վրա) գյուղն այնտեղից նմանվում է ինքնաթիռի։
Գյուղում կան նաև խաչքարեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր փոքրիկ պատմությունը։ Ընդհանրապես, ոչ միայն ղուլալիսցին այլ նաև բոլոր հայերը քարի ու խաչքարի պաշտամունք ունեն, որ ծնվել է երեք հարյուր մեկ թվից շատ ավելի վաղ… Դարերը փոխել են խաչքարի տեսքը, բայց ոգին նույնն է մնացել։ Խաչքարն էլ մագաղաթի նման պաշտել են, գաղթելիս հետները տարել, նրանց հրաշագործ զորություններ վերագրել։ Հիմնականում խաչքարերը կանգնեցվել են գերեզմանոցներում, ճամփաբաժիններում, սրբավայրերում, որպես հավատի հանգանակ, հոգու վկայության խորհրդանիշ։
Մեր գյուղի դեռևս ամենահին և ճանաչված խաչքարը գտնվում է գյուղի հին գերեզմանոցում։ Նրա մասին կա մի վարկած, ըստ որի այն կանգնեցված է գյուղի հին եկեղեցու քահանայի շիրիմի վրա։ Խաչքարը հայոց աստվածային մեղեդու քարեղեն դրսևորումն է։ Այդ գերեզմանոցում կան նաև այլ յուրօրինակ շիրմաքարեր, որոնց վրա գրված են ինչ֊որ գրառումներ (գուցե՞ հանգուցյալի մասին՝ չգիտեմ), որոնք, ցավոք չեն կարդացվում։ Ըստ մեր մեծերի գերեզմանոցը և խաչքարերը թվագրվում են 1810-ական թվականների։
Գյուղի ծայրամասում՝ մի փոքրիկ ժայռի մեջ, կա փոքր քարանձավ, որը, թերևս հայտնի չէ առաջացել է վերջին ժամանակներում, թե կար դեռևս հին ժամանակներից։
Իսկ երբ գալիս է ձմեռը, գյուղս ծածկվում է սպիտակ սավանով։
Իմ գյուղում խնդիրները բազմաթիվ են։ Հենց այդ խնդիրների պատճառով են մարդիկ հեռանում գյուղից՝ փնտրելով բարեկեցիկ կյանք մեկ այլ գյուղում կամ քաղաքում։ Դե ինչ… երևի փոքր ինչ պատկերացում կազմեցիք իմ ծննդավայրի մասին։ Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես էլ շատ եմ սիրում իմ գյուղը։ Այստեղ ամեն ինչ ինձ կատարյալ է թվում։ Հետո էլ մարդիկ կասեն գյուղում չկա կյանք, բայց ո՞վ է ասել, լավ էլ կա… թերևս իմ գյուղը, թեկուզ փոքրիկ, լքված ու հալածված, որ երբեք չի էլ կարողացել, չի էլ փորձել համեմատվել կողքի ավելի մեծ գյուղերի՝ Գանձայի, Սաթխայի կամ այլ գյուղի հետ, բայց միշտ ջերմ է ու հաճելի։
Եվ թող բոլոր ջավախքցիներն օտար ափերում արարելու փոխարեն, ձգտեն իրենց ու իրենց որդիների տները կառուցել հարազատ հողի վրա։ Ձգտեն… Ձգտումը գեղեցիկին, բարուն ու ստեղծագործականին՝ կարող է զարգացնել գյուղը, մինչդեռ… հեռանալ, լքել՝ նշանակում է փորել… իջնել, թուլացնել, անկել։ Ձգտել վեր ու բարձրացնել՝ զարգանալով ու զարգացնելով, ուժ տալով, հնարավորություն ստեղծելով ու ոգևորելով…
Առաջնահերթությունը պիտի դառնա ստեղծելը, կառուցելը, լավագույնի ձգտումով՝ զարգանալը։ Ողնաշարի ամրացման համար «վերև ձգում» է պետք, բառիս բոլոր՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ողերի արանքում պիտի թթվածին լցվի, արյունը խաղա ու մկանները սովորեն պահել ինքնուրույն այդ ողերն ու ամբողջ կմախքը։ Գյուղն էլ մարդու մարմնի պես է։ Ձգում ու ձգող չունեցավ՝ փլվելու է։ Կարևորը գյուղի հանդեպ ունեցած հավատն է, միևնույն ժամանակ ամենադժվարը հենց այդ հավատը չկորցնելն է. հավատը արածդ գործի, ընկերոջդ, մարդու նկատմամբ, հավատը՝ դավանածդ արժեքների, միջավայրիդ նկատմամբ, հավատը՝ քո ճշմարտացի լինելու, տեսություններիդ ու կյանքիդ համապատասխանության, հավատը ուժիդ ու կարող լինելուդ, հավատը՝ առաջնորդիդ, կամքիդ ու կյանքիդ նկատմամբ, հավատը՝ սիրուդ նկատմամբ։ Թե հավատը ճեղք տվեց, կճեղքվի նաև մարդը, նրա կարողությունն ու կամքը։ Գյուղը, ինչպես նաև մարդը, կազմաքանդվում է առանց հավատի… աշխարհին ցեցի պես քայքայել է կասկածը, ճեղքել հավատը ու կազմաքանդել մարդուն… Դիոգենեսը լապտերով մարդ էր փնտրում, մենք լապտերով հավատ ենք փնտրում: Մատղաշ ծիլերի նման արմատախիլ մի՛ արեք ձեր զավակներին օտար հողում նրանք երբեք զորավոր արմատներ չեն գցի, կնմանվեն ջերմոցային բույսի…
Ես շատ եմ սիրում իմ Ղուլալիսը… Սիրե՛նք մեր գյուղերը, պահպանե՛նք ու զարգացնե՛նք մեր գյուղերը ու մեր ամբողջ Ջավախքը…
Հեղինակ՝ Արևիկ Արաբյան