Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռուսլան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Վրաստանում հանդուրժողականության ու ազգամիջյան հարաբերությունների թեմայով։ Ստորև ներկայացնում ենք գրառումն անփոփոխ.
«Վրաստանը միշտ տարբերվել է իր էթնիկ բազմազանությամբ, մեր հայրենիքի ապագան միասին կերտել են տարբեր ազգերի ներկայացուցիչները (վրացիները, հայերը, ադրբեջանցիները, օսերը, աբխազները, գերմանացիները, լեհերը, քրդերը, ասորիները և այլք): Վրաստանի կայունությունն ու զարգացումն այլ կարևոր գործոնների հետ հիմնականում կախված է ազգամիջյան հարաբերությունների ընթացքով, որտեղ բոլոր քաղաքացիները պետական հաստատությունների հետ միասին իրենց ներդրումն ունեն:
Ցավոք, վերջին շրջանում Վրաստանի հարևան երկրների միջև տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը որոշ չափով անդրադարձել է մեր համաքաղաքացիների մի մասի վրա՝ նրանց մեջ էլ սերմանելով էթնիկական հողի վրա հակամարտության գաղափարը: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հնարավոր է, որոշակի զգացական կապ ունեն իրենց էթնիկ երկրների հետ, սակայն միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ մեր էթնիկ պատկանելությունից զատ բոլորս Վրաստանի զավակներն ենք և մեր գործողությունները պետք է բխեն Վրաստանի պետության և հասարակության շահերից:
Մեր երկրի բոլոր քաղաքացիները կյանքի բոլոր ոլորտներում մեր երկրի հանդեպ պետք է ստանձնեն իրենց բաժին պատասխանատվությունը: Վրաստանի բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ որևէ մեկը չունի ո՛չ գաղափարական, ո՛չ էլ իրավաբանական իրավունք մեր երկիրը անհարմար իրավիճակում դնելու և միտումնավոր կամ ակամա Վրաստանը որևէ հակամարտության մաս դարձնելու:
Տպավորություն է ստեղծվում, որ արտաքին ուժերը փորձում են Վրաստանում ազգամիջյան հակամարտություն հրահրել: Էթնիկ հակամարտության համար բնորոշ է նաև, որ տասնյակ տարիների ընթացքում չի արձանագրվել արդեն սկսված էթնիկ հակամարտության կարգավորման դեպք:
Մենք՝ Վրաստանի զավակներս, բոլորս միասին, ամեն ինչ պետք է անենք, որ Վրաստանը ներգրավված չլինի որևէ հակամարտությունում: Պետք է հզորացնենք մեր հայրենիքը և միասին ստեղծենք ժամանակակից և զարգացած պետություն ու հասարակություն:
Վրաստանում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչներին կոչ եմ անում չտրվել միջէթնիկ լարվածության սադրանքներին, ամեն ինչ անել, որ մեր երկրում քաղաքացիական համաձայնություն, ազգամիջյան խաղաղություն, բարեկեցություն և համագործակցություն տիրի»: