Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Քո ձայնը մեր ապագան է» միջոցառման շրջանակներում Քոբուլեթիում հանդիպել է ամառային դպրոցի մասնակիցների հետ: Գիորգի Մարգվելաշվիլին ընդգծել է ընտրություններում ամառային դպրոցի մասնակիցների ներգրավվածության կարևորությունը: Նախագահի խոսքերով, «եթե ընտրության չգնաս, ապա չես կարող պատժել քաղաքական գործչին և կոտրել կարծրատիպը»:
Բացի այդ, Գիորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է վրաց օլիմպիականների երեկվա հաջողություններին: «Ուզում եմ շնորհավորել վրաց օլիմպիականներին երեկվա հաղթանակի առիթով, մենք շատ ուրախացանք… Մենք միասին կերտում ենք ժողովրդավարություն: Ժողովրդավարություն նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր մասնակցությամբ կերտում է մեր ընդհանուր կյանքը: Մենք պետք է հասկանալի դարձնենք հասարակությանը, որ մենք խնդրում ենք ոչ թե ինչ-որ մեկի օգտին ձայն տալ կամ աջակցել մեզ: Մենք խնդրում ենք հասարակությանը, որ վերջինս մասնակցի ժամանակակից Վրաստանի, ժամանակակից հասարակության կառուցման գործին: Այսպիսով մենք կարող ենք կոտրել կարծրատիպը, քանի որ այստեղ որևէ քարոզչություն չկա, կոչ չի արվում լինել մեկի կողմնակիցը կամ մյուսի հակառակորդը: Տեղի է ունենում ամենակարևորը՝ դիրքորոշումների ճշգրտում. դու պետք է ներգրավված լինես ընտրություններում. քո ձայնը Վրաստանի ապագան է», – նշել է Գիորգի Մարգվելաշվիլին:
«Քո ձայնը մեր ապագան է» միջոցառումների շարքի նպատակը երիտասարդության ներգրավվածության և քաղաքացիական ակտիվության բարձրացումն է: Ամառային դպրոցի շրջանակներում նախատեսվում է մեկշաբաթյա դասընթացներ անցկացնել Վրաստանի իննը շրջաններում: