Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ը միգրանտների հոսքը զսպելու հարցում Թուրքիայի օգնության կարիքը չունի: «Euroline.ge»-ն տեղեկացնում է, որ Կուրցը ԵՄ-ը կոչ է արել չտրվել Թուրքիայի ճնշումներին, նրա հետ չսահմանել առանց վիզայի ազտականացման ռեժիմ:
«Մեզ Թուրքիան պետք չէ. մենք չպետք է տրվենք նրա շանտաժներին, երբ սպառնում է չեղարկել միգրանտների հարցով ձեռք բերված համաձայանգիրը, եթե վիզայի ազատականցում չստանա: Մեզ անհրաժեշտ է ուժեղ ԵՄ, որը կարող է պաշտպանել իր սահմաններն ու քաղաքացիներին»,- ասել է Կուրցը գերմանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք` Թուրքիայից վերջին շրջանում սպառնալիքներ են հնչում. պաշտոնական Անկարան պատրաստ է չեղարկել փախստականների խնդրին առնչվող ԵՄ-ի հետ կնքած համաձայնագիրը, եթե վերջինս հրաժարվի ազատ վիզային ռեժիմ տրամադրել:
Ի դեպ, հարցի շուրջ քննարկումները թեժացել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական հեղաշրջման անհաջող փորձի արդյունքում կազմակերպիչների նկատմամբ մահապատիժը վերականգնելու առաջարկ արեց:
ԵՄ անդամ մի շարք երկրներ Բրյուսելին կոչ են անում Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնել: