Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Մյունխենի համաժողովում հատուկ ուշադրություն է դարձվելու Սև ծովի անվտանգությանը, Վրաստանի դերին, ինչպես նաև իշխանությունների կողմից հաջողությամբ իրականացված բարեփոխումներին։
«Մեր նպատակն է նման միջոցառումներն օգտագործել Վրաստանի հետաքրքրությունները ներկայացնելու համար։ Այս տարի համաժողովը առավելագույնս կօգտագործվի՝ Վրաստանը միջազգային գլոբալ մարտահրավերների ֆոնին հստակ ներկայացնելու համար»,-մինչ Մյունխեն մեկնելը ասել է նախարարը։
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի ԱԳ նախարարը Գերմանիա է մեկնում վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում։
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի նույն հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ երկրների բարձրաստիճան ղեկավարների, դիվանագետների ու անվտանգության ոլորտի փորձագետների։ Այս տարի Մյունխենի գիտաժողովին 35 երկրի կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն։