Վրաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Վրաստանի «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլիի` սահմանադրական փոփոխության նախաձեռնությունըԴրանով առաջարկվում է Վրաստանի սահմանադրության մեջ ավելացնել երկրի եվրաատլանտյան ուղղության վերաբերյալ բանաձև: «Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Ուսուփաշվիլին արդեն մի քանի պատգամավորի ստորագրություն է ստացել: «Կենտրոնամետներ» կուսակցության առաջնորդ Լադո Բեդուկաձեն հայտարարել է, որ, չնայած օգոստոսի 16-ի Վրաստանի ԿԸՀ-ի որոշմանը, իրենք մասնակցելու են ընտրություններին: ԿԸՀ-ն «Կենտրոնամետներ»-ին գրանցումից հանել է` հիմնավորելով, որ Հանրային ռեեստրի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն` «Կենտրոնամետներ»-ի ղեկավարները պաշտոնապես գրանցված չեն եղել: Մինչ այդ դատական ճանապարհով այս կուսակցության գրանցման չեղարկում էր պահանջում «Արդար ընտրությունները» կազմակերպությունը: «Կենտրոնամետներ»-ը ընտրողներին խոստանում են ընտրություններում հաղթելուց հետո 400 լարի ռուսական կենսաթոշակ, Ռուսաստանի քաղաքացիություն և ռուսական ռազմաբազաների օրինականացում:
«Netgazeti.ge» պարբերականը հիշեցնում է, որ Լադո Բեդուկաձեի անվան հետ է կապված դատապարտյալների խոշտանգումների նկարահանումը և 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ այդ տեսանյութերի տարածումը: «News.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Չիքովանին անդրադառնալով «Կենտրոնամետներ»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներին հայտարարել է, որ երկրում նման կուսակցության գոյությունը լուրջ խնդիր է: Թեմային նաև անդրադարձել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին` հայտարարելով, որ ԿԸՀ-ի գործողությունը ստուգման ենթակա է: Վոլսկին կարծում է, որ Բեդուկաձեն քաղաքական դաշտ է ներմուծվել «Վրացական երազանք»-ի ձայները խլելու համար, և այդ ողջ սխեմայի շարժիչը «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարի տեղակալ է նշանակվել Պետրե Կանկավան՝ այս մասին տեղեկացնում է «Frontnews» պարբերականը: Կանկավան ծնվել է Թբիլիսիում, 1977 թվականի օգոստոսի 1-ին: 1999 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի ֆակուլտետը: Նա հանրային ծառայության ոլորտում 17 տարվա փորձ ունի: 2015–2016 թթ. հանդիսացել է Վրաստանի Խորհրդարանի մարդու իրավունքերի պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի օգնական: 2010-2015 թվականներին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունում առաջատար դիրք է զբաղեցրել: 2009-ին եղել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և հանգստավայրերի վարչության ղեկավար, 2005–2009 թվականներին՝ Կիպրոսի հանրապետությունում Վրաստանի դեսպանատան առաջին քարտուղար: «Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Գոնիոյում, Սև ծովի ափամերձ տարածքներում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ` փորձելով գտնել Վրաստանի զինված ուժերի հատուկ նշանակության 2 զինծառայողի: Դեպքի վայրում են գտնվում ռազմական ոստիկանության և գլխավոր տեսչության ղեկավարները: Անհրաժեշտության դեպքում որոնողա-փրկարարական աշխատանքներին կմիանա նաև ավիացիան: Լարին շարունակվում է ամրապնդվել:
«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ 1 ամերիկյան դոլարի պաշտոնական գինը կազմել է 2.3226 լարի՝ դրական փոփոխությունը կազմել է 0.0128 լարի: Ազգային արժույթը սակայն փոքր-ինչ արժեզրկվել է եվրոյի նկատմամբ: Օգոստոսի 17-ից 1 եվրոյի պաշտոնական գինը կկազմի 2.6183 լարի՝ բացասական փոփոխությունը կազմում է 0.0087 լարի: