Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը նոր ծրագիր ունի։ Այս մասին հայտնել է վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն՝ խոսելով այն մասին, որ Կադիրովը ծրագրում է գործարկել Իթում-Կալեից Շատիլիով անցնող Հարավային Կովկասի ճանապարհը:
Ըստ Արեշիձեի՝ Կադիրովը ոչ միայն ճանապարհն է ցանկանում գործարկել, այլ նաև այնտեղ ցանկանում է հսկիչ անցակետ կառուցել:
«Հյուսիսային Կովկասում տարբեր շահագրգիռ խմբեր կան, որոնք ցանկանում են տրանզիտի դեր տանել: Օրինակ՝ 2006 թվականին Կարաչայեվո-Չերկեսիայից դեպի Աբխազիա ճանապարհ էր կառուցվել՝ Սուխում հասնելու համար: Հիմա գոյություն ունի Կադիրովի նոր ծրագիրը: Իթում-Կալեն Չեչնիայի ամենահարավային կետն է: Այնտեղ ժամանակին կառուցվել է 48 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհ: Այդ ճանապարհով փախստականները 1999 թվականին հասան Շատիլի: Ինչպես երևում է, այս ճանապարհի վերաբերյալ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ունի դաշնային մակարդակով, քանի որ նաև հսկիչ-անցակետ է ուզում կառուցել: Սակայն չի կարող, քանի որ Ռուսաստանի դաշնային օրենսդրությամբ, հսկիչ անցակետ բացվում է, երբ 100 կմ երկարությամբ սահման կա, իսկ Չեչնիայի հետ սահմանը 85 կմ է: Հիմա փորձում է մի կերպ հայթհայթել այդ 15 կիլոմետրը»,- հայտարարել է Արեշիձեն: