«Վրացական երազանքի» լուծարման վտանգ չկա. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի լուծարման վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով իշխող կուսակցության հնարավոր լուծարման վերաբերյալ հարցին:

«Թիմի լուծարվելու վտանգ չկա: Եթե կոնկրետ մեկ, երկու կամ երեք պատգամավոր գործում է սուբյեկտիվ շահերից ելնելով, այդ դեպքում հնարավոր է նրանց նկատմամբ որոշակի հարցեր առաջ գան, սակայն, թիմի միասնականությանը, ընդհանուր առմամբ, վտանգ չի սպառնում»,-ասել է խորհրդարանի ղեկավարը։

«Արդյոք պետք է սպասել Էկա Բեսելիայի գլխավորությամբ նոր կուսակցության» հարցին ի պատասխան Կոբախիձեն ասել է՝ «ոչինչ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում լուրեր են շրջանառվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության լուծարման, ինչպես նաև Էկա Բեսելիայի և Գեդևան Փոփխաձեի կուսակցությունից հեռացման մասին:

«Վրացական երազանք»-ի ամենաազդեցիկ պատգամավորներից Էկա Բեսելիան վերջերս է հրաժարական ներկայացրել պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Առկա հայտարարությունները խոսում են նաև այն մասին, որ Բեսելիան տարաձայնություններ ունի կուսակցության հիմնադիր ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով անհասկանալի էր համարել պաշտոնից հեռանալու մասին Բեսելիայի հայտարարությունը։