Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության աշխատակիցների կողմից հունվարին ապօրինի ծառահատումների 401 դեպք է արձանագրվել:
Դեպքերից 15-ը քրեական հանցագործության տարրեր ունեն: Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտը: Դեպքերի մեծ մասը՝ 152-ը գրանցվել է Կախեթիում: Ամենաքիչը՝ Մցխեթա-Մթիանեթիում՝ ընդամենը 3 դեպք:
Իմերեիթիում և Քվեմո Սվանեթիում նույնպես ծառահատումների դեպքերը հաճախացել են:
Ընդհանուր առմամբ՝ առգրավվել է 427 խորանարդ մետր փայտանյութ: Հունվարին համապատասխան ծառայությունները նաև բացահայտել են ապօրինի գործող 53 անտառահատ արտադրամաս և առգրավել երեք փայտահատ հաստոց:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա հուլիսին վարչապետ Բախտաձեն հայտարարել էր անտառահատումների և դրանք թաքցնողների նկատմամբ անզիջում ու խիստ պայքարի մասին:
Վրաստանի անտառային ֆոնդը 2,9 մլն հետկար է, որից 2,5 միլիոնն՝ անտառածածկ: Սա երկրի ընդհանուր տարածքի 40 %-ն է: Անտառածածկ տարածքներով հարուստ է հատկապես երկրի արևմուտքը։