Երկարատև ծանր հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է վրացական թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի Գուրանդա Գաբունիան։ Հարազատների խոսքով` դերասանուհին վերջին շրջանում գտնվում էր բժիշկների հսկողության ներքո։
Գուրանդա Գաբունիան 1960 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական թատերական ինստիտուտը, այնուհետև աշխատել է Ռուսթավելիի, Ռուսթավիի դրամատիկական թատրոններում։ 1975-ից Մարջանիշվիլիի անվան թատրոնում էր, որտեղ խաղացել է մի շարք կարևոր դերերում։
Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Երկու անգամ ճանաչվել է Վրաստանի տարվա լավագույն դերասանուհի: 2007 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանով պարգևատրվել է Պուշկինի մեդալով:
Վրաստանի վարչապետն ու Թբիլիսիի քաղաքապետն ընդգծել են Գաբունիայի անգնահատելի դերը՝ վրաց թատրոնի և կինոյի կյանքում: Մամուկա Բախտաձեն ու Կախա Կալաձեն ցավակցել են ժողովրդական արտիստուհու հարազատներին: