Իրանը պատրաստ է Վրաստանին գազ մատակարարել` ինչպես ներքին սպառման, այնպես էլ Եվրոպա տարանցելու համար: Այս մասին ասել է Վրաստանում Իրանի դեսպան Աբաս Թալեբի Ֆարիին` «Ռեզոնանս» թերթին տված հարցազրույցում: «Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Իրանը գազի թեման չի քաղաքականացնում, և մենք որևէ երկրի հետ չենք մրցակցում: Մտածում եմ, որ Վրաստանը պետք է գործի իր ազգային շահերից ելնելով, և տրամաբանական է, որ փնտրում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, ինչպես դա անում է ցանկացած այլ պետություն»,-ասել է Վրաստանում Իրանի դեսպանը:
Դիվանագետի խոսքով` այս պահին ընթանում են նախապատրաստական տեխնիկական աշխատանքներ, զուգահեռ դիտարկվում է Իրանից Վրաստան գազի մատակարարման այլ երթուղիներ: Տարբերակներից մեկը Ադրբեջանով տարանցումն է: Հայաստանը ևս պատրաստակամություն է հայտնել` իր տարածքով իրանական գազը հասցնել Վրաստան:
Աշխատանքներ են ընթանում նաև էլեկտրաէներգիայի փոխանակման հարցի առնչությամբ. «Իրանը Վրաստանից կստանա էլեկտրաէներգիա, երբ մենք դրա կարիքը կունենանք»,— Ասել է Իրանի դեսպանը` նշելով, որ այս հարցը կքննարկվի Թեհրանում` Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի` Իրանի իսլամական հանրապետություն այցի շրջանակներում: