Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում: Լավագույն շարադրությունների հեղինակները կխրախուսվեն «Ալիք մեդիայի» կողմից:
Սիրելի ընթերցող, դու այժմ կարդում ես մի ազատամիտ ու հայրենիքը սիրող մարդու աշխատանք: Այո՛, ես սիրում եմ իմ հայրենիքը՝ իմ գյուղը, իմ Աղքյորփին: Մեծ սիրով քեզ եմ ներկայացնում գյուղի հետ կապված ամեն ինչ:
Աղքյորփի գյուղը լեռնային գյուղ է՝ փռված Լալվար սարի լանջին: Գյուղը ունի ավելի քան 200 տարվա պատմություն: Աղքյորփի թուրքերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ (ախ) կամուրջ (քորփու): Գյուղի անվանումը կապված է գյուղն սկսող կամրջի հետ, որը կառուցվել է ավելի հին ժամանակներում, քան գյուղն է:
Աղքյորփին երկու մասի է բաժանում Լալվար սարից իջնող Լալվարչայ գետը: Գետը սկիզբ է առնում մեր սարերից և հասնում մինչև Կասպից ծով: Ահա և Ձեզ պատկերացում մեր գյուղի աշխարհագրական դիրքի մասին:
Այսօր Աղքյորփի գյուղը ծեր թագավորի պես բազմած է իր չքնաղ բնության մեջ, որը ասես արքայական պալատ լինի: Երբ հաճախ՝ հետաքրքրությունից ելնելով, հարցեր եմ տալիս մեր մեծերին, տեսնում եմ, որ այժմ և այնժամ գրեթե ամեն ինչ տարբեր է եղել: Վրաստանում բնակվող հայկական գյուղիս բնակիչները տարբերություն չեն դրել երկու պետությունների մեջ, չեն մտածել, թե որ երկրի քաղաքացի են: Ասում են՝ մի երկիր էր, ապրում էինք էլի: Ազատ կարող էին բարձրանալ Լալվար սարը, որը մի տոն էր նրանց համար: Աղքյորփեցիները գարնանը անասուններին տանում էին սարը, իսկ խոր աշնանը վերադառնում գյուղ: Բացի այդ՝ շատ էր զվարճությունը: Ամռան ամիսների տոները, ինչպիսին է Վարդավառը, գյուղի բնակիչները սարում էին նշում, բայց այսօր կարոտով են հիշում այդ ամենի մասին, որովհետև արդեն գոյություն ունի սահման, և այդ սարը, անտառները, դաշտերն ու ձորերը առանձնացել են գյուղից և մնացել են Հայաստանի հետ սահմանի այն կողմում: Այդ իրադարձություններից հետո գյուղի խնդիրները շատացան, անասնապահությունը պակասեց․ մարդիկ օգտվում էին բնության բարիքներից՝ սունկ էին հավաքում, մոռ ու մոշ, վառելափայտ էին բերում, իսկ հիմա դա էլ է սահմանափակ: Այսօր, հենց մոտենում ենք սահմանին, մեր ճանապարհը փակում են վրացի սահմանապահները ու մենք երանությամբ ենք խոսում մեր նախնիների ապրած կյանքի մասին:
Գյուղի հիմանակն խնդիրներից մեկն այն է, որ տարիների ընթացքում պակասել է նաև գյուղի բնակչությունը: Բոլորն ասում են. «աշխատանք չկա, մնանք՝ ի՞նչ անենք»: Աղքյորփեցիների հիմնական գործը անասնապահությունն է, ոմանք էլ մեղվաբուծությամբ են զբաղվում, իսկ գյուղի միակ պետական աշխատատեղը, դա մեր դպրոցն է: Բացի այդ, գյուղում պակասում են բաներ, որոնք նաև գաղթի պատճառ են հանդիսանում: Գյուղում չկա մանկապարտեզ, ճանապարհներն անմխիթար վիճակում են՝ գրեթե անանցանելի: Հենց այդ խնդիրներն են պատճառ հանդիսանում, որ աղքյորփեցիները լքում են իրենց գյուղը:
Աղքյորփու երիտասարդների հետ զրույցից պարզ է դառնում, որ միայն հայրենասիրությունն ու գյուղի հանդեպ սերը բավարար չէ, այստեղ ապրելու համար: Ես՝ այս գյուղի երիտասարդներից մեկը լինելով, նույնպես ունեմ բազմաթիվ բողոքներ ու պահանջներ. մեր դպրոցը մոտ 90 տարեկան է, ունի վերանորոգման կարիք: Մեր գյուղի ապագան մենք ու մեր երեխաներն ենք, բայց չունենք երեխաների համար մանկապարտեզ, իսկ մեզ՝ երիտասարդներիս համար մարզադահլիճ: Ես շուտով կստանամ վարորդական իրավունք, բայց անբարենպաստ ճանապարհների պատճառով չեմ կարողանա վարել իմ երազանքների մեքենան. սա միայն իմ բողոքը չի: Սրանից բացի, գյուղում չկա որակյալ կապ՝ կտրված ենք աշխարհից:
Եվ որպես վերջաբան կուզեի ասել, որ, սիրելի՛ ընթերցող, մարդիկ հույսով են ապրում: Ես էլ, իմ գյուղացիք էլ հույս ունենք, որ մոտ ապագայում մեր ունեցած խնդիրների գոնե մի մասը կլուծվի, արտագաղթը կնվազի և մեր գյուղը նորից ծաղկունք կապրի:
Հեղինակ՝ Գևորգ Մարտիրոսյան