Գրող, լրագրող, փորձագետ, «Անի» հայկական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր և ղեկավար Թաթուլ Հակոբյանը Թբիլիսիում էր:
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա խոսեց հայ-վրացական հարաբերություններից, պատմության դրվագներից, որոնց մասին չի խոսվել, կամ քիչ է խոսվել` տարբեր պատճառներով: Թաթուլ Հակոբյանն ասում է` սա լավ հնարավորություն է անկաշկանդ մթնոլորտում խոսել, դրվագներ ներկայացնել պատմության ոչ վաղ անցյալից, ընթացիկ խնդիրներից: Այլ է, երբ Երևանից ես հետևում իրադարձություններին և բոլորովին այլ, երբ տվյալ երկրում ես ելույթ ունենում ու փորձում հասկանալ այդ երկիրն` իր խնդիրներով, դժվարություններով ու մարտահրավերներով: Հայ-վրացական հարաբերությունները երկկողմ հարաբերություններ են, եթե ուզում ենք դրանք լինեն առողջ, կողմերը երկու երկրների համար ամենադժվար խնդիրներում պետք է գործեն հիսուն-հիսուն սկզբունքով.
«Օրինակ` մենք Հայաստանում շատ երջանիկ չենք, որ Վրաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ է համագործակցում, մեզ մոտ կա այն ընկալումը, այն վտանգը, որ դա ուղղվում է Հայաստանի դեմ: Նույնպես Վրաստանն ունի մտահոգություններ, որ Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք պատրաստ են օրինակ Ջավախքի հարցը սրել: Այսինքն երկկողմ հարաբերություններում կողմերը պետք է փորձեն դիմացինի մտահոգություններն ու ակնկալիքները ևս հաշվի առնել»:
Թաթուլ Հակոբյանն ասում է` զգայուն հարցերում զգուշավորություն է պետք, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածության բերել: Օրինակ` Արցախի հարցում լավ կլինի, որ Վրաստանը շատ չշահարկի ադրբեջանանպաստ իր տեսակետները, քանի որ դրանք անկախ նրանից` օգնում են Ադրբեջանին թե ոչ, բացասական են ազդում հայ-վրացական հարաբերությունների վրա:
Թաթուլ Հակոբյանը երկու գրքի հեղինակ է` «Արցախյան օրագիր. կանաչ և սև» և «Հայերն ու թուրքերը»: Այժմ նոր գործերի վրա է աշխատում: Վերջին տարիներին հիմնադրել է հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնը, որը զբաղվում է նաև հրատարակչական գործունեությամբ, այս ընթացքում պատմությանը, հայագիտությանը վերաբերող 10 –ից ավելի գիրք է հրատարակել: Հիմնականում վիճելի գրքեր են, որոնցում հիշեցվում է մեր` ոչ վաղ անցյալի պատմությունն ու զուգահեռներ տարվում այսօրվա հետ: Օրինակ` ինչպես 18 -20 թվականներին, այնպես էլ այսօր հայ-վրացական հարաբերություններում խնդիրներն ու մարտահրավերները չեն փոխվել: Պատճառը թերևս տարածաշրջանի առանձնահատկությունն է, հարևան պետությունների միջև բարդ հարաբերությունները, որոնք տասնամյակների ընթացքում չեն հաղթահարվում: Թաթուլ Հակոբյանը լավատես է և այն համոզմանը, որ հայ-վրացական հարաբերություններում չպետք է լինեն բաժանարար գծեր, որովհետև Հայաստանն ունի Վրաստանի կարիքը, նա հույս ունի, որ Վրաստանը ևս փոխադարձաբար, ունի Հայաստանի կարիքը: