Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքի էկումենիկ հարաբերությունների ներկայացուցիչները Վրաստանում են: Տեղեկությունը հաստատում են Վրաստանի պատրիարքարանից, սակայն այցի մանրամասներն ու նպատակներն այս փուլում չեն նշվում:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքի էկումենիկ հարաբերությունների ներկայացուցիչները Թբիլիսիի հյուրանոցներից մեկում են, որտեղ էլ հանդիպում են Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչների հետ:
Մեկ այլ տարբերակի համաձայն, նրանք կհանդիպեն ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալությանը (անկախացմանը):
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Ստամբուլում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին է հանձնվել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի կողմից ստորագրված «տոմոսը»՝ Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալություն, այլ կերպ ասած՝ անկախություն շնորհելու մասին, սակայն վրացական կողմից պաշտոնական շնորհավորական ուղերձ չի հղվել: Այս մասին ավելի մանրամասն՝ Ուկրաինական եկեղեցու անկախացումը. Վրաստանը «երկու քարի արանքում» հոդվածում: