Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Քաղաքականություն» թեմայով դասախոսություն կկարդա Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA)։ Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել քաղաքականության տեսական և գործնական ասպեկտներին:
Դասընթացի շրջանակներում կքննարկվեն հասարակական և քաղաքական գործընթացներին, արդարությանը, հավասարությանը, ազատությանը, հավասարակշռությանը և ուժի բաշխմանը, ինչպես նաև զանգվածային հաղորդակցությանը, միջազգային հարաբերություններին, ազգային ամբողջականությանը, բազմազանության պահպանմանը, ազգային կայունությանը վերաբերող հարցեր:
Դասընթացի շրջանակներում վերը թվարկած թեմաներից բացի կկատարվի ընթացիկ քաղաքական իրավիճակի վերլուծություն և գնահատում:
GIPA-ի տարածած հայտարարությունում ասվում է, որ դասընթացների համար նախատեսված տեղերը սահմանափակ են, կընդգրկվի 25 ուսանող: Ուսանողները կընտրվեն ներկայացրած դիմումների հիման վրա: Ցանկացողները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը հետևյալ հասցեով` gipa.elective@gipa.ge:
Այսպիսով, նախկին նախագահը վերադառնում է իր նախկին գործունեությանը։ Մարգվելաշվիլին երկար տարիներ դասախոսություն է կարդացել նույն ինստիտուտում, որոշ շրջան ղեկավարել նաև այն։