Հայատյացության հերթական պոռթկումը վրացական սոցցանցերում

Վրացական սոցցանցերում վերջին օրերի ընթացքում ակտիվորեն տարածվում են հակահայկական նույթի գրառումներ ու հոդվածներ:

Դրանցից մեկի առիթ է հանդիսացել Վիեննայում բացված զբոսաշրջային ցուցահանդեսի լուսանկարներից մեկը, որտեղ պատկերված են Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի գեղատեսիլ վայրերը: Լուսանկարի վրա երևում է միայն Armenien գրությունը, իսկ Georgien-ը մնացել է կադրից դուրս:

«Հայաստանը ներկայացել է Թբիլիսիի և Գերգեթիի սամեբայի լուսանկարներով» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառումներ են տարածում վրացի հասարակական գործիչները, նույնիսկ լրագրողները:

Լրագրող Գիորգի Գիգաուրին, օրինակ, ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ մասնավորապես գրել է.

«Այն, որ հայերը խելքահան են եղել, տեղյակ ենք ավելի քան 26 դար՝ այն ժամանակվանից, երբ տեղափոխվեցին Կովկաս, բայց գուցե մեր դիվանագետներն արթնանան՝ ստիպելու նրանց այս տաղավարը փոխել»։

Կեղծ լուսանկարները ներբեռնել է ազգությամբ վրացի մի օգտատեր, այնուհետև վրաստանյան Maestro հեռուստաընկերությունը, իսկ տարբեր խմբերում նյութը տարածել է «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողը, որը նախկինում եղել է իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին պատկանող GDS հեռուստաընկերության թղթակիցը: Տարածված լուսանկարների մեկնաբանություններում հազարավոր օգտատերեր ատելություն արտահայտող հայտարարություններ են անում:

«Խաղաղության Հիմնադրամի» հիմնադիր Գիորգի Թումասյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է.

«Բազմիցս եմ հաստատել, որ Վրաստանում նպատակաուղղված կերպով հայատյացություն են արթնացնում: Մնացած եզրակացություններն ինքներդ արեք»:

Մեզ հետ զրույցում Թումասյանը նշեց. «Տարիներ շարունակ բազմիցս այսպիսի կեղծ լուրեր են տարածվում։ Ուսումնասիրելով այս հարցը, հասկանալի է դառնում, որ կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են վրացական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների, հայատյացության տարածման նպատակով։ Վերջի պատմությունն այս գործընթացի մասն է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես կեղծեցին Վիեննայի ցուցահանդեսի տաղավարի լուսանկարը և ակտիվորեն, այդ թվում մեդիայի և կեղծ ֆեիսբուքյան խմբերի միջոցով տարածեցին այս կեղծ նորությունը»:

Թումասյանի խոսքով, Վրաստանում հայատյացությունը վերացնելու համար անհրաժեշտ է ողջ հայ համայնքին ներգրավել, վրաց հասարակության հետ լայն հասարակական քննարկումներ սկսել։ Հակառակ դեպքում հայատյացության մակարդակը Վրաստանում վտանգավոր ցուցանիշի կմոտենա։

Կեղծ տեղեկատվությանն արձագանքել է Ավստրիայում Վրաստանի դեսպանությունը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ուզում ենք արձագանքել Վիեննայում կայացած Ferien-Messe Wien ցուցահանդեսի տաղավարի հետ կապված սոցցանցերում տարածված տեղեկատվությանը: Պարզաբանում ենք, որ Ferien-Messe-ին տեղի է ունեցել 2019-ի հունվարի 10-13-ին, 80 երկրի 800 կազմակերպության շարքում եղել է նաև հայկական Arcus tours զբոսաշրջային կազմակերպության ստենդը, որն առաջարկում էր ներկաներին տուրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Համապատասխանաբար տաղավարում ներկայացված են երկու երկրների գեղատեսիլ վայրերը: Ցավոք սոցցանցերում տարածված լուսանկարում տաղավարն ամբողջությամբ չի արտացոլված․ կամ չի նկարված, կամ կտրած է GEORGIEN բառը»,- նշված է հայտարարությունում: