H1N1 Խոզի գրիպով Հայաստանն էլ «վարակվեց»

Հայաստանում հիվանդացության 60-ից ավելի դեպք է գրանցվել, 2-ը՝ մահվան ելքով: Երկրում տարածված են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները։ 

Խոշոր մարզերից Լոռիում, օրինակ, ախտորոշվել է 10 հիվանդի մոտ: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից ասում են, որ իրավիճակը վերահսկելի է: Դեպքեր կան, բռնկման վտանգ՝ ոչ, հիվանդացության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ՝ նույնն է:

Զգուշանալ, ոչ թե վախենալ՝ մասնագետների հորդորն է: Բուժման տարբերակ է՝ ինքնաբուժությամբ չզբաղվելը, ժամանակին՝ հիվանդության առաջին իսկ նախանշանների դեպքում համաբուժարաններ դիմելը:

Պատվաստումները դեկտեմբերից սկսվել են և գրեթե ամբողջությամբ կատարված են: Պատվաստման առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբին: Դպրոցներում ու նախակրթարաններում մոնիթորինգը պարզել է, որ բացակայությունների քանակը մեծ չէ՝ մոտ տասը տոկոս, հիմնականում դրանք կապված են ծնողների վախի հետ, որ երեխաները չվարակվեն:

ՀՀ առողջապահության նախարարությունը խստացրել է հսկողությունը սահմանային անցակետերում: Ուղևորները հետազոտվում են, վարակի դեպքում՝ մեկուսացվում և հոսպիտալացվում:

Վրաստանում վիճակն ավելի լուրջ է: Հիշեցնենք, պաշտոնական տվյալներով Վրաստանում վերջին ամիսների ընթացքում H1N1 վիրուսից մահացածների թիվը հասնում է 18-ի: Օրեր առաջ 32-ամյա ծննդկան է մահացել:

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով գրիպի վիրուսի նվազման միտում կա: