Ձյան և մերկասառույցի պատճառով հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունից:
Ինչպես մեզ հայտնեցին վարչությունից, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տարվում են ձնամաքրման աշխատանքներ, սակայն առկա է ձնահոսքի վտանգ: Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը սպասում է Շրջակա միջավայրի պահպանման նախարարության հրահանգին, որպեսզի ձնահոսքի վտանգն անցնելու դեպքում ճանապարհին վերականգնեն երթևեկությունը:
Նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։