Թբիլիսին «օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտման մասին է ահազանգել»:
Ինչպես հաղորդում է «newsgeorgia.ge» լրատվականը, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, «Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների դրության վերաբերյալ երկրորդ եռամսյակային զեկույցն է պատրաստել»: Զեկույցն անդրադառնում է Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիա) 2016 թ. ապրիլից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտման դեպքերին: Զեկույցում մասնավորապես ասվում է. «Նշված ժամանակահատվածում, օկուպացված տարածքներում արձանագրվել են մարդու իրավունքների խախտման այնպիսի կոպիտ դեպքեր, ինչպիսիք են կյանքի և սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունը, անօրինական ձերբակալությունը, ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքի սահմանափակումը»:
Թբիլիսիի համար առանձնահատուկ տագնապի առիթ է հանդիսացել Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, Վրաստանի քաղաքացի Գիգի Օթխոզորիայի սպանության դեպքը: Օթխոզորիան գնդակահարվել է մայիսի 19-ին` Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղի հսկիչ անցագրային կետի մոտ՝ աբխազ սահմանապահ Ռաշիդ Կանջիօղլիի կողմից: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ 2016 թ.-ի ապրիլի 1-ին Աբխազիայի իշխանությունները գործարկել են Աբխազիայում արտասահմանցիների իրավական կարգավիճակի մասին, ինչպես նաև Աբխազիայի տարածք մուտքի և ելքի մասին օրենքները: «Այս «օրենքների» ընդունումը ուղղակիորեն կապված է այսպես կոչված անձնագրայնացման գործընթացի հետ: Համապատասխանաբար, զեկույցը ուշադրություն է դարձնում այս հանգամանքի վրա, ինչպես նաև օկուպացված տարածքներում բնակվող ազգությամբ վրացիների նկատմամբ խտրականության նոր ալիքի առկայության վրա»,— ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում:
ԱԳՆ-ն համարում է, որ նշված գործընթացներն էլ ավելի են բարդացնում Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների հետ կապված` առանց այդ էլ ծանր իրավիճակը: «Արտաքին գործերի նախարարությունն իր անհանգստությունն է հայտնում Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների կապակցությամբ և կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել ` Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում էթնիկ խտրականությունն ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները արմատախիլ անելու ուղղությամբ», – հայտնում է պաշտոնական Թբիլիսին:
ԱԳՆ զեկույցը պատրաստվել է բաց աղբյուրների հիման վրա՝ մի շարք կառավարական գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ: Զեկույցի նպատակն է Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հետ կապված իրադրության վերաբերյալ միջազգային հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնելու միջոցով հասնել վերջինի պատշաճ արձագանքին ու միջամտությանը:
Լուսանկարը՝ newsgeorgia.ge-ի