Վրաց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Ջվարի մենաստանի (վանքի) հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
«Ինչպես հայտնի է, Ջվարիի վանքին վերաբերող ներկա իրավիճակը քայլ է փողոցային առևտրականների գործունեությունը կարգավորելու ուղղությամբ: Ցավոք, նմանատիպ իրավիճակ է հոգևոր-մշակութային նշանակության այլ հուշարձանների տարածքում ևս:
Մենք հասկանում ենք, որ մարդիկ մի կտոր հացի գումար վաստակելու համար տարբեր միջոցների են դիմում, սակայն երբ երկրում այդքան զբոսաշրջիկ և ուխտավորներ կան, անհարմար է, այդ տաճարները դարերի խորքից դիտում են մեզ իրենց փառքով և XXI դարում Վրաստանի համար անընդունելի է այս չկարգավորված վիճակը:
Վրաց պատրիարքությունը դիմում է կառավարությանը, և, առաջին հերթին, մշակույթի նախարարությանը՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի եկեղեցու շրջակայքում փողոցային առևտուրը քաղաքակիրթ տեսք ստանա», — ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է Մցխեթա քաղաքի մոտ, Քուռ և Արագվա գետերի հատման կետում, լեռան գագաթին գտնվող Ջվարի մենաստանը փակ է: Զբոսաշրջիկներին և հավատացյալներին չի թույլատրվում մուտք գործել տարածք: Ըստ հոգևորականների՝ տաճարի տարածքում առևտրականների գործունեությունը խոչընդոտում է եկեղեցական ծառայությանը։