Օգոստոսի 11-ին Թբիլիսիում «Նոր ընտրություն» քաղաքական դաշինքի ղեկավար Գիորգի Վաշաձեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչած բազմաթիվ հարցերից նախ անդրադարձավ օրենսդրության մեջ ամուսնության իրավական սահմանման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջներին, ինչի շուրջ վերջերս մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել:
«Ամուսնության թեմայով հանրաքվեի հարցը բացառապես քաղաքական շահարկում է, որը կապված է ընտրությունների հետ: Որոշ քաղաքական ուժեր՝ հանձինս «Վրացական երազանքի», փորձում են դրա միջոցով գրավել քաղաքացիների ուշադրությունն ու ավելի շատ ձայներ հավաքել ընտրությունների ընթացքում: Իմ կարծիքով այս պարագայում նախագահի որոշումը միանգամայն ճիշտ էր» -ասել է Վաշաձեն:
Հիշեցնենք, որ «Նոր ընտրություն» քաղա քական դաշինքը ստեղծվեց «Նոր Վրաստան», «Գիրչի» և «Նոր աջեր» կուսակցությունների միավորման արդյունքում: Վաշաձեն, որ նախկինում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ էր, հերքեց այդ կուսակցության հետ վերամիավորման հավանականությունը:
Այլ կուսակցությունների հետ համագործակցության վերաբերյալ Վաշաձեն նշեց․
«Մենք շարունակում ենք խորհրդակցությունները տարբեր կուսակցությունների հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք կդառնան դաշինքի անդամ: Մենք անպայման կունենանք մեր ներկայությունը խորհրդարանում, մեր նպատակն է հնարավորինս հզոր ներկայություն ապահովել, որպեսզի երկրում ոչ մի որոշում առանց մեր մասնակցության չընդունվի, քանզի մենք ունենք համապատասխան ծրագիր և գիտենք, թե ինչպես հանել երկիրը ճգնաժամից»:
Պատասխանելով «Ալիք» մեդիայի հարցին ազգային փոքրամասնությունների վերաբերյալ՝ Վաշաձեն պատասխանեց, որ «Նոր ընտրության» գլխավոր նպատակներից մեկը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար զարգացման հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովելն է.
«Ազգային փոքրամասնությունների խնդիրները նույնպես դրված են մեր հետագա ծրագրերի օրակարգում: Օրինակ, շատ լավ ներկայացուցիչ ունենք Նինոծմինդայում և Ախալքալաքում, հանձինս Շաքրո Այվազյանի»:
Վերջում Վաշաձեն մեկնաբանեց նախընտրական շրջանի ընթացքին ու ծանոթացրեց նաև «Նոր ընտրություն» դաշինքի բարեփոխումների ծրագրին.
«Այն փաստը, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը դեռ չի որոշել, թե ում օգտին պետք է քվեարկի ընտրություններին, հուսահատության հետ է կապված: «Վրացական երազանքը» 2012-ին տված խոստումներից գրեթե ոչ մեկը չի կատարել, ինչի արդյունքում կորցրել է մարդկանց վստահությունը, իսկ «Միացյալ ազգային շարժումը» ասոցիացվում է վախի հետ: Այս երկու կուսակցությունները փորձում են մենաշնորհի հասնել, ընտրությունների հարթակն ու մարդկանց առաջ դնելով ընտրություն` վատի և ավելի վատի մեջ, մինչդեռ մարդկանց նոր ընտրություն է հարկավոր: Մեր գլխավոր անելիքներից մեկը երկրի կառավարման մեխանիզմների ոլորտում բարեփոխումներն են: Հարկավոր է պարզեցնել բյուրոկրատական համակարգը, որպեսզի արտերկրի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա բիզնես հիմնել Վրասատանում և կատարել ներդրումներ, հարկավոր է նաև կրճատել նախարարությունների քանակը»,— եզրափակել է Վաշաձեն: