Վրաստանյան մամուլն առաջին էջերում մեկնաբանում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունը` «Սահմանադրության մեջ ամուսնության սահմանումը ենթակա չէ հանրաքվեի»: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ նախագահի հայտարարությունը դժգոհությունների առիթ է հանդիսացել. մի շարք քաղաքական ուժեր, ինչպես նաև հանրաքվե նախաձեռնող խումբն իր դժգոհությունն է արտահայտել: «Ռուսթավի 2»-ը մեջբերելով քաղաքական մի խումբ գործիչների գնահատականները, գրում է. «հանրաքվեից հրաժարվելով, Գիորգի Մարգվելաշվիլին կորցրել է իր լեգիտիմությունը: Թամազ Մեճիաուրիի կուսակցությունից տեղեկացրել են, որ Վրաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը եվս ներգրավված է եղել այս հարցում, նախագահին հորդորել է հրաժարվել հանրաքվեից»:
Լրատվամիջոցները տեղեկացում են, որ ամուսնության հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խումբը այժմ նախագահի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելին վստահություն է հայտնել, որ նախագահը որոշումը կայացրել է անկախ: Կարդում ենք «Interpressnews»-ում, որտեղ նաև ասվում է, որ դեսպանը չգիտի, թե արդյոք այս սահմանումը պետք է գրվի Սահմանադրության մեջ: Նրա խոսքով, կարևոր է, որ Վրաստանի նախագահը հնարավորություն ունի առանց կառավարության, տարբեր հաստատությունների ու դիվանագիտական կորպուսի միջամտության որոշումներ կայացնել:
Վրաստանյան լրատվամիջոցները անդրադառնում են նաև «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ, օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրճուլաձեի ռուսական հրատարակություններից մեկին տված հարցազրույցին: Օպերային հայտնի երգիչը, որ արտասահմանում չեղյալ է համարել իր պայմանագրերը հայտնի ընկերությունների հետ ու վրաստանյան քաղաքականություն մուտք գործել, ռուս-վրացական հարաբերութունների մասին վերլուծություն է արել: Նա ասել է, որ վրացիներն ու ռուսներն իրար մոտ են հավատքով ու մտածելակերպով. «այս երկու ժողովուրդները միանման են մտածում»,-Բուրճուլաձեի խոսքերն է ներկայացնում «Kvira.ge»-ն:
Վրացական ընդդիմությունը` «Միացյալ ազգային շարժումը», Վրաստանի կառավարությանը քաղաքական հետապնդումներ սկսելու և վարչական ռեսուրսների օգտագործման մեջ է մեղադրում: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, որը հայտնի է որպես «Միացյալ ազգային շարժման» շահերը ներկայացնող լրատվամիջոց: Կուսակցությունից փոխանցել են, որ կառավարությունը Էրեդվիի (խմբ., Ցխինվալի մերձակա վրացաբնակ գյուղ) ղեկավար պաշտոններում ընգրկված մի խումբ անձանցից պահանջել է հրաժարական տալ: Պատճառն այն է, որ վերոնշյալ աշխատակիցների ընտանիքի անդամները աջակցում են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ծրագրերին: