Ժամին եմ նայում, 18:45 է, իսկ մենք դեռ տուն չենք հասել: Քրոջս հետ ենք, Երևանում վերջացրել ենք բոլոր գործերը, շտապում ենք տուն` Նոր տարին ընտանիքի հետ դիմավորելու…
Ամանորը կամ Նոր տարին Ջավախքում ավելի շատ միասնության տոն է հիշեցնում: Գրեթե չկա այնպիսի մի ընտանիք, որի անդամներից առնվազն մեկը դրսում չի. մեկը խոպան է գնացել, մյուսը բարձրագույն կրթություն ստանալու, երրորդն արդեն աշխատանք է գտել ու Նոր տարուց Նոր տարի է տուն գալիս: Այստեղ մարդիկ ոչ միայն տոնի հրաշքին, այլև իրենց հեռավոր հարազատներին են սպասում, որպեսզի նորից վերամիավորվեն, լիարժեք ուրախանան ու հրաշքներին հավատան: Իսկ հրաշքներն այստեղ շա՜տ-շա՜տ են:
Լեռներում ինչն է շատ, ձյունը: Իսկ ձյուն-ձմեռն ուղիղ համեմատական են տոնի հեքիաթին: Դեկտեմբերի 31-ին ասես ինչ-որ մի գաղտնի պայմանավորվածության համաձայն՝ սովորաբար միշտ սկսում է մեծ փաթիլներով ձյուն գալ, գալ ու հիշեցնել Ռուբեն Հախվերդյանի սիրված երգի բառերը. «Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում»։ Երգ ու երաժշտությամբ ձյանն են միանում նաև մարդիկ, որոնք ոչ թե հրաշքի են սպասում, այլ դրա ականատեսն են:
Նոր տարին ամեն ինչ նորից ու նորովի սկսելու համար է: Կյանքը նոր էջի նոր տողից մի մատ խորքից սկսելու հրաշալի հնարավորություն: Հետահայաց անելու, հնի ու նորի մասին մտածելու, հինն արժևորելու, նորն էլ` նորածնի նման փայփայելու:
Իսկ ես ու քույրս արդեն տուն ենք հասել, հասցրել ենք մերոնց հետ գրկախառնվել` մեր խենթությունները պատմել, քահ-քահ ծիծաղել, մայրիկի կարգադրություններն անել, մի մասն էլ չանել ու կռվել, հետո բարիշել: Ու թեև գալիս ենք տուն, որ Նոր տարին տանն ու հարազատների հետ նշենք, բայց այս օրերին մեզ տանը գտնելը գրեթե անհնար է: Մայրիկիս խրատներն ու «դուք հլը տուն եկեք, նոր ձեր հետ կխոսեմ» սպառնալից խոսքերը մեզանից անպակաս են նույնիսկ տոն օրերին: Մայրիկը մտածում է սեղանն ավելի գեղեցիկ ու ճոխ դարձնելու մասին, մենք այս օրերին անգամ ուտելու մասին ենք մոռանում, մայրիկս օրերով ինչ-որ բաներ է պատրաստում, որ հետո հյուրերի մոտ գլուխ գովելու առիթ ունենա, իսկ մենք փորձում ենք հասցնել կարճ ժամանակում բոլոր հարազատներին, ընկերներին, հին ու նոր ծանոթներին տեսնել, երկար զրուցել ամեն ինչից բացի բլինչիկից, տոլմայից ու ստոլիչնիյից: Այս օրերին հատկապես հատուկ համ ու հոտ են հաղորդում մայրիկիս հետ անվերջ վեճերը:
Հայրս տոներին ընդառաջ «ընտանեկան խորհուրդ» է հրավիրում, պարզում, թե ով ինչ կուզեր ուտել ամանորին ու գրեթե ամեն տարի «խորհրդի» որոշմամբ սկսում է խորովածի համար կրակ պատրաստել:
Բոլորի նման տոնածառի հետ նկարվում ենք` սելֆիներ ենք անում, սեղան ենք գցում, բայց մենք դրանից գրեթե չենք օգտվում, մենք հորս պատրաստած խորովածն ենք համտեսում: Տատս մինչև Նոր տարի բազմոցին մի երեք անգամ հասցնում է քնել, արթնանալ, մինչև մի տասը րոպե առաջ ձայն ենք տալիս.
-Տատ ջան, վերկաց, Նոր տարին արդեն դուռն է թակում, քեզ ենք սպասում, որ բացենք։
Կատակում ենք, ասում, խոսում, ուրախանում, բաժակները չըխկ-չըխկացնում, հետո հրավառության ձայնն ենք լսում, դուրս վազում ու հայացներս վերև ուղղում, որտեղ հազարավոր աստղերի գեղեցիկ փայլը փոխարինվել է հրավառությամբ: Հրավառությանը մինչև վերջ երբեք չենք նայում, մրսած ու կարմրած քթերով ներս ենք վազում ու նորից նույն ուրախությունը շարունակում:
Իսկ հետո սկսվում է ամենասովորական մի օր` նույն մարդկանցով, նոր ու երջանիկ պահերով, համ ու հոտ հաղորդող փոքրիկ վեճերով, բլինչիկով, տոլմայով ու ստալիչնիյով…
Շնորհավոր բոլոր բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը:
Հ.Գ. Հա ու կերեք այնքան, որ խմելու տեղ էլ մնա, խմեք այնքան, որ պարելու մասին չմոռանաք:
Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)
«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։