Վրաստանյան լրատվամոջոցները առաջին էջերում շարունակում են քննարկել ամուսնության հարցը երկրի մայր օրենքում` Սահմանադրությունում վերաձևակերպելու, ինչպես նաև հանրաքվե անցկացնելու շուրջ ընթացող իրադարձությունները: «Netazeti.ge» պարբերականը տեղեկացնում է, որ ամուսնության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբի անդամներ Սանդրո Բրեգաձեի, Սոսո Մանջավիձեի և Զվիադ Տոմարաձեի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այսօր (ժամը 17:00-ին) նախատեսված հանդիպումը չի կայացել: Նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեի խոսքով, նախագահը պատրաստ է եղել հանդիպմանը:
«Հասարակությունը տեղյակ է, որ Վրաստանի նախագահը պատրաստ էր հանդիպել հանրաքվե նախաձեռնող խմբի անդամներին, ովքեր, սակայն, այսօր ընտրեցին առճակատման և շանտաժի ճանապարհը: Հրաժարվելով նախատեսված խորհրդակցությունից, խմբի անդամները հստակ բացահայտեցին իրենց նեղ քաղաքական նպատակները»,-հայտարարել է Դոլիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ն հուլիսի 30-ին հայտարարել էր, որ նախաձեռնող խմբի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ներկայացված նյութերը բավարարում են օրենքով սահմանված պահանջները և հայտն ուղարկել էր նախագահին: Գիորգի Մարգվելաշվիլին 30 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի՝ հանրաքվե նշանակել, թե ոչ:
«Netazeti.ge»-ն հիշեցնում է հանրաքվեի հարցը` «Համաձայն եք թե ոչ, որ քաղաքացիական ամուսնությունը ընտանիք ստեղծելու նպատակով սահմանվի որպես տղամարդու և կնոջ միություն»: ԿԸՀ-ն այս նախադասությունը գրանցել է հունիսի 12-ին, այն բանից հետո, երբ նախաձեռնող խումբը ԿՀԸ է ներկայացրել ավելի քան 200 հազար ստորագրություն:
Վրաստանի «Տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիա»-ի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին ասել է, որ մայրաքաղաք Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվն աճել է: Ըստ նրա, Վրաստանում վարորդների մի մասը չգիտի ճանապարհատրանսպորտային նշանները: «Թբիլիսիում մեծ քանակությամբ այսպես կոչված սև կետեր կան, որտեղ և հիմնականում գրանցվում են ՃՏՊ-ներ»,- Մեսխիշվիլիի խոսքերն է մեջբերում «Kvira.ge»-ն:
Նա ասել է, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Խաչմերուկները անկանոն են, երթևեկությունը չի կարգավորվում, ճանապարհային նշանները ամբողջության անգործունակ են, ինչը հաճախ անորոշության պատճառ է դառնում: Այս ամենին նաև ավելանում է այն, որ վարորդների մի մասը, չգիտի ճանապարհատրանսպորտային նշանների բացատրությունը»:
Վրաստանի «Տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիա»-ի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ «սև կետերը» հիմնականում խաչմերուկներում են են, որտեղ նշանները նույնպես ճիշտ չեն կարգավորում երթեևեկության ընթացքը: Դավիթ Մեսխիշվիլին այս ամենում քաղաքապետարանի մեղքն էլ է տեսնում: Եզրափակում է «Kvira.ge»-ն
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, անդրադառնալով 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմին, փոխանցում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ, այժմ «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի մեկնաբանությունը:
Վաշաձեն հայտարարել է, թե Օգոստոսյան պատերազմի մեկնարկի հետ կապված շահարկումներ են արվում, որոնք ըստ նրա սխալ են: Նրա խոսքով, Վրաստանի դիրքորոշումը բոլորի համար մեկընդմիշտ պետք է պարզ լինի` պատերազմը սկսել է Ռուսաստանը և պետք է շարունակել ջանքեր ներդնել Հաագայի հետաքննության ուղղությամբ: «Նոր Վրաստանի» առաջնորդը կարծում է, որ Վրաստանի ներկա իշխանությունը ոչ մի քայլ չի արել երկրի օկուպացված տարածնքերը վերադարձնելու ուղղությամբ:
Օգոստոսի լույս 9-ի գիշերը Ուկրաինայից արտաքսվել է ևս մեկ ազգությամբ վրացի, այսպես կոչված «օրենքով գող»: «Frontnews»-ի փոխանցմամբ, այս մասին սոցիալական ցանցերում տեղեկատվություն և տեսանյութ է տարածել Ուկրաինայի ոստիկանապետ Խաթիա Դեկանոիձեն: Վերջինիս խոսքով, նախկինում դատված, քրեական հեղինակություն համարվող Թեյմուրազ Չխետիանիի Վրաստան արտաքսելու վերաբերյալ հարցին վրացական կողմը նախապես տեղեկացված է եղել: