Թբիլիսիի առաջին հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին, նախատեսված ամանորյա գալա համերգը կնվիրվի համաշխարհային կինոերաժշտության գլուխգործոցներին:
Միջոցառմանը մասնակցելու է մոտ 200 երաժիշտ: Այն կտևի 4 ժամ, կհնչեն ամանորյա երգեր, ինչպես նաև արտասահմանյան և ժողովրդական հիթեր: Հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Նիկոլա Ռաճվելիի գլխավորությամբ հանդես կգա նաև Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը:
Այս տարի տոնական քաղաքը, ինչպես նաև մայրաքաղաքի գլխավոր տոնածառը տեղակայված են առաջին հանրապետության հրապարակում: Այստեղ բացվել է նաև ամանորյա տոնավաճառ, ուր վաճառքի է հանվել վրացական արտադրանք, բացի այդ տարածքում կարելի է տաքանալ գլինտվեյնով ու թեյով: Հյուրերին սիրով ընդունելու է վրացական Ձմեռ պապը՝ Թովլիս բաբուան:
Հատկանշական է, որ Նոր տարվա ողջ գիշերվա ընթացքում Թբիլիսիում հանրային տրանսպորտը կգործի անվճար։ Մետրոն և ավտոբուսները կաշխատեն ժամը 23:00-04:00-ը, իսկ Ռիկղե-Նարիկղալա ճոպանուղին կգործի մինչև 03:00-ը, 74 ուղղություններով էլ կաշխատի 156 ավտոբուս: