Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Գիգի Ծերեթելին համոզված է` կենսաթոշակառուներին աշխատանքի տեղավորման պետական ծրագիրը նախընտրական հերթական խոստումն է, որը չի կատարվելու: Նախօրեին արդեն տեղեկացրել ենք, որ Վրացական երազանքը սկսել է աշխատել մի ծրագրի վրա, որով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի քաղաքացիների աշխատանքի տեղավորման խնդիր լուծել: Պետությունը խոստանում է հարկային արտոնություններ այն գործատուին, ով աշխատանքի կվերցնի կենսաթոշառուին: Ընդ որում` Կենսաթոշակն ու սոցիալական արտոնությունները պահպանվելու են:
«Իշխանությունները սովորել են ստել: Նրանք ոչինչ էլ չեն անի, և «Կյանքը շարունակվում է» անունով ծրագիրը այդպես էլ կմնա անկատար: Իշխանության խոստմանն այն մասին, թե ընտրություններից երկու ամիս առաջ աշխատանքի կտեղավորեն մեկ միլիոն թոշակառուի, ոչ ոք չի հավատա, քանի որ 4 տարում նրանք չկարողացան հավելյալ աշխատատեղեր ստեղծել, նոր աշխատատեղերը արհեստականորեն չեն ստեղծվում, այլ դրա համար անհրաժեշտ է տնտեսության զարգացում, գործարար և մի շարք այլ որոտների ակտիվացում»,-ասել է Ծերեթելին: