Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այսօր՝ փետրվարի 9-ին մեկնել է Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպմանը: Պաշտպանության նախարարությունից «Interpressnews» –ին տեղեկացրել են, որ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում, փետրվարի 10-ից 11-ը տեղի կունենա Պաշտպանության նախարարների հանդիպումը: Բրյուսելում նախատեսված է Թինաթին Խիդաշելիի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարների հանձնաժողովի նիստը կկայանա 28+1 ձևաչափով, որը կբացի ալյանսի գլխավոր քարտուղարը: Վրաստանի Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնական կայանում հանդիպումներ կունենա նաև օտարերկրյա այլ գործընկերների հետ: Ըստ նախարարության հայտարարության` Բրյուսելից Վրաստանի պաշտպանության նախարարը կուղևորվի Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության հարցերով միջազգային գիտաժողովին: «Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես կգա պաշտպանության և անվտանգության մարտահրավերների մասին ելույթով: Մենք ծրագրում ենք երկկողմ հանդիպումներ ինչպես մեր գործընկերների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», -հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: