Վրաստանյան բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիները բողոքում են, որ վարկային կազմակերպությունների մի մասը հրաժարվում է զրոյացնել իրենց պարտքերը: Interpressnews լրատվականի հետ զրույցում նրանք ասել են, որ բոլոր չափորոշիչներով բավարարում են վարկերի զրոյացման պահանջներին:
«Անձամբ ես մի քանի կազմակերպությունում պարտք ունեմ: Նրանք են՝ «Խնդրահարույց ակտիվների բյուրոն» և «Ֆինանսական սեկտորը»: Կառավարության սահմանած բոլոր չափորոշիչներին բավարարում եմ, չնայած կազմակերպություններից ասում են, որ իրենք են որոշում՝ ում պարտքը մարեն, ումը՝ ոչ»,- Interpressnews-ի հետ զրույցում ասել է «սև ցուցակում» գտնվող քաղաքացիներից մեկը։
Լրատվամիջոցի հետ զրույցում մտահոգություն են հայտնել նաև այլ քաղաքացիներ՝ ասելով, որ իրենց պարտքերը մերժել են զրոյացնել mycredit, «Մոնեզա», masesxe.ge, crediton.ge, «Նետկրեդիտ», «Վիվուս», mozo.ge և «Փինփորտի» կազմակերպությունները:
Հատկանշական է նաև, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել են խմբեր՝ «Վարկերը չեն զրոյացվել» և «ոչ առցանց վարկերին» վերնագրերով: Այս խմբերում քաղաքացիները գրում են պարտքերի զրոյացման հարցում հանդիպող խնդիրների մասին:
Հիշեցնենք, ըստ Վրաստանի կառավարության որոշման, մինչև դեկտեմբերի 31-ը 600 000-ից ավելի քաղաքացի դուրս կգա «սև ցուցակից»: Սահմանված պայմանների համաձայն, մինչև 2000 լարի պարտք ունեցող քաղաքացիները Ամանորը կդիմավորեն առանց պարտքի: Պարտքերի զրոյացումը մեկնարկել է դեկտեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 31-ին: