Վրաստանի քաղաքացիներին օրինական կերպով աշխատանք տրամադրելու պատրաստակամություն են հայտնել նաև Բուլղարիան և Գերմանիան: Այս թեմայով խոսել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին:
Հիշեցնենք, այսօր դեսպանների խորհրդաժողովից առաջ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի օրինական կերպով աշխատել Ֆրանսիայում: Համապատասխան փաստաթուղթը Ֆրանսիայի նախագահն արդեն ստորագրել է:
Մախարոբլիշվիլին կարևորել է օրենքի հաստատումից հետո Ֆրանսիայի և Վրաստանի կողմից կատարելիք տեխնիկական աշխատանքները։
«Այս պայմանագրով, 150 երիտասարդի հնարավորություն կտրվի ուսումն ավարտելուց հետո Ֆրանսիայում և Վրաստանում որակավորում ստանալ և ունենալ աշխատանք: Այդ ժամանակահատվածում նրանք կունենան նաև բնակության իրավունք: Աշխատանքն ավարտելուց հետո կվերադառնան համապատասխանաբար իրենց երկրներ: Այս քվոտան վերաբերում է երկու կողմերին, ինչպես Վրաստանին, այնպես էլ Ֆրանսիային:
Բացի այդ, ևս 500 քվոտա սահմանված կլինի երկու երկրների համար, որը վերաբերում է միջին տարիքի քաղաքացիներին: Նրանք կունենան որակավորումը բարձրացնելու և աշխատելու հնարավորություն»,- ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ հավելելով, որ պահանջարկ ունեցող մասնագիտությունների նույնականացման աշխատանքներ են տարվելու։
Մախարոբլիշվիլու հայտարարությամբ, նշված հարցով խորհրդակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ: Ինչպես ասում է նախարարի տեղակալը, Վրաստանի քաղաքացիներին օրինական կերպով աշխատանք տրամադրելու մասին համաձայնության պատրաստակամություն են հայտնել նաև Բուլղարիան և Գերմանիան: