Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, զինված հեղաշրջման փորձ կատարածների համար մահապատժի մասին օրենք ստորագրելու պատրաստակամություն է հայտնել, եթե երկրի Խորհրդարանն ընդունի այն: Այս հայտարարությունը հնչել է նրա ելույթում` Ստամբուլում իշխանություններին աջակցության համար կազմակերպված բազմահազրանոց հանրահավաքի ընթացքում, հաղորդում է Lenta.ru-ն: Էրդողանը դիմել է քաղաքական կուսակցությունների առաջնորդներին և ասել, որ ժողովուրդը պահանջում է առավելագույն պատիժ` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
«Եթե խորհրդարանն այսպիսի որոշում ընդունի, հետագա գործողությունները պարզ են: Եթե հարցը հասնի հաստատելուն, ես հստակ ասում եմ, որ կստորագրեմ նման օրենք»։ Ավելի վաղ Էրդողանը ասել էր, թե հիասթափված է իր երկրի նկատմամբ՝ Եվրախորհրդի վարած քաղաքականությամբ: Ռուսաստան կատարելիք այցից առաջ, հիշեցնենք` այցը նախատեսված է օգոստոսի 9-ին, Էրդողանն ասել է. «Իմ ընկեր Պուտինի հետ բանակցությոնները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում: Մեր երկրները միասին շատ բան ուենա անելու»:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, Եվրահանձաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր, որ Թուրքիայիում մահապատժի օրենքը հաստատելու դեպքում, երկրի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացը անհապաղ սառեցվելու է: Ըստ նրա` այն երկիրը, որի օրենսդրության մեջ մահապատիժ է գործում, տեղ չունի Եվրամիության կազմում:
Մահապատիժը Թուրքիայում վերացվել էր 2002-ին, որպեսզի երկիրը համապատասխանի Եվրամիության չափորոշիչներին: Մինչ այդ, մահապատժի դատապարտվածներին պատժում էին կախելու միջոցով: Հիշեցնենք` հուլիսի 15-ի զինված հեղաշրջման ձախողված փորձի արդյունքում 246 մարդ է զոհվել, 60 հազար զինվորականներ, ոստիկաններ, դատավորներ, պետական ծառայողեր, ուսուցիչներ պաշտոնանկ են արվել և ձերբակալվել: