Երեկ հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ միջպետական ճանապարհը փակող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և նրա տեղակալ Աղասի Կիրակոսյանիին:
Ինչպես «Հետք»-ին պատմեցին ներկաները, Վալերիյ Օսիպյանին և տեղակալի Կիրասկոսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները սահմանին բերման ենթարկվող ջավախքցիների վերաբերյալ, նշել են, որ այս պահին 10 հոգի բերման ենթարկված կա և 300 հոգի հետախուզման մեջ են: Սակայն խնդիրն այսքանով չի սահմանափակվում, քանի որ խոսքը 1000-ին հասնող ջավախքցիների մասին է:
«Մենք առաջարկել ենք փակել հին էջև և նոր էջը բացել»,- հայտնեց ներկաներից Անդրանիկ Կարսլյանը:
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մանրամասնորեն ծանոթացել է երիտասարդների խնդրին, խոստացել է դրական լուծում տալ իր տիրույթում գտնվող հարցերին և երկուշաբթի երիտասարդներին պատասխան տալ: Իսկ մինչ այդ ջավախքցի երիտասարդները խոստացել են քայլեր չձեռնարկել: Սակայն եթե հարցին դրական լուծում չտրվի, հանդիպելու են նաև կառավարության ներկայացուցիչներին, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ երեկ Ջավախքի մի խումբ երիտասարդներ վրաց-հայկական սահմանի Բավրայի անցակետի մոտ մի քանի ժամով փակել էին հայ-վրացական սահմանը: Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ:
Նյութի աղբյուր՝ hetq.amhttps://hetq.am/hy/article/99288?fbclid=IwAR3V8h1oIlyLcP7kMykVextRoRtIVCvZS1kdZqxHVpeDDqSoOiOtm94ASCs