Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, առաջին տիկնոջ` Մակա Չիչուայի հետ շրջել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական գյուղում: Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարգվելաշվիլին հանդիպել է «Ռիո-2016» օլիմպիական խաղերի մասնակից վրաց մարզիկներին, հաջողություն մաղթել առաջիկա մրցումներին:
Վրաստանը ներկայացնող մարզիկները երկրի ղեկավարին վստահեցրել են` կանեն ամեն ինչ արդարացնելու երկրպագուների սպասելիքները:
«Արդեն տեսնում ենք, որ Ռիո դե Ժանեյրոյում ծածանվում է նաև Վրաստանի դրոշը, որն ուրախությամբ է լցնում վրացիների սրտերը: Համոզված եմ, որ մեր դրոշն այստեղ բազմիցս կբարձրացվի…»,-ասել է Մարգվելաշվիլին` հույս հայտնելով, որ դրա հնարավորությունը կտան Վրաստանը ներկայացնող մարզիկները: Գիորգի Մարգվելաշվիլին նաև նշել է, որ սպասում է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները աշխարհի տարբեր անկյուններից կհետևեն օլիմպիական խաղերի ընթացքին, կոգևորեն մասնակիցներին ու միասին կերգեն Վրաստանի հիմնը:
Հատկանշական է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին օլիմպիական գյուղում հանդիպել է ֆրանսիացի գոծընկերոջը՝ Ֆրանսուա Օլանդին: Նախագահները հաջողություն են մաղթել ֆրանսիացի և վրացի մարզիկներին:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն, Մարգվելաշվիլին և Մակա Չիչուան վրացի մարզիկների հետ հանդիպումից հետո ընթրել են օլիպմիական գյուղում:
Տեղեկացնենք, որ «Ռիո-2016» օլիմպիական խաղերը կմեկնարկեն Բրազիլիայի ժամանակով այսօր` 20:00-ին, իսկ վրաստանյան ժամանակով օգոստոսի 6-ին` ժամը 03:00-ին: Երկու շաբաթվա ընթացքում Վրաստանը ներկայացնող 40 մարզիկները կմրցեն աշխարհի լավագույնների հետ:
Վրաստանի նախագահն ու առաջին տիկինը կմասնակցեն բացման արարողությանը:
Լուսանկարները նախագահի մամուլի ծառայությունից