Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Կիևից ժամանած տղամարդ ուղևորների ուժեղացված ստուգումներ են իրականացվում: Տեղեկացնում է Imedi News-ը:
Կիև-Թբիլիսի չվերթի ուղևորներից մեկը հայտնել է, որ վրաց սահմանապահները տղամարդկանց անձնագրերը վերցրել են և անցկացրել լրացուցիչ ստուգումներ, իսկ կանանց թույլ են տվել անցնել առանց որևէ խոչընդոտի:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ լրացուցիչ ստուգումները «համարվում են միջազգային պրակտիկա, սահմանապահները նրանց հարցեր են տալիս, նրանք անցնում են ստուգումը և ազատ արձակվում: Արտառոց ոչինչ չկա»,- հայարարել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին Թբիլիսիում ձերբակալել են Ուկրաինայի 6 և Վրաստանի 1 քաղաքացու: Ձերբակալվածներից երկուսի հյուրանոցային սենյակներում հետախուզության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են «Բերետտա» և «Մակարով» մակնիշի ատրճանակներ:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, ձերբակալվածները Վրաստան են ժամանել նոյեմբերի 27-ին, հետաքննություն է ընթանում պազելու՝ թե ինչ նպատակներով են նրանք Վրաստանում:
ՆԳ նախարարը հայտարարել է, որ ուկրաինացիները կասկածվում են Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ կապերի մեջ:
Դեկտեմբերի 4-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանավորել էր ուկրաինացիներին: Նրանք հացադուլ են հայտարարել: