Վրաստանի համագործակցության հիմնադրամի տնօրեն Դավիթ Սագանելիձեն հայտարարել է, որ առաջիկայում դեղորայքը կէժանանա առնվազն 30 տոկոսով:
Նրա խոսքով` դեղագործական գործարանի շահագործումից հետո սպասվում է, որ գները կիջնեն:
«Հավանաբար քաղաքացիները նկատել են, որ դեղորայքի գներն արդեն որոշ չափով իջել են: Մենք կարծում ենք, որ առաջիկայում դեղորայքի գները առնվազն 30 տոկոսով կնվազեն» — Սագանելիձեի խոսքերն է մեջբերում «Interpressnews»-ը:
Վրաստանի կառավարության առաջարկով Առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Համագործակցության հիմնադրամը ավստրալիական «Humanity Holding GmbH»-ի հետ միասին կիրականացնի նոր ծրագիր: Արդյունքում Թբիլիսիում Օրխեւիի թաղամասում միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագործական գործարան կկառուցվի: Ավստրալիական կազմակերպությունը այդ նպատակով հիմնել է «Humanity Georgia» կազմակերպությունը:
Հիմնադրամի տեղեկատվության համաձայն` գործարանը հագեցած կլինի նորագույն տեխնիկայով, որակի ստուգման ժամանակակից լաբորատորիաներով եւ այլ անհրաժեշտ միջոցներով: Գործարանում արտադրված դեղորայքը նախատեսված է ավելի քան 800 բնակավայրի համար: Դեղերը նաև կարտահանվեն: Գործարանում կաշխատի 300 մարդ: