Վրաստանյան լրատվամիջոցները այսօր առավելապես խոսեցին Բրազիլիայում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Պորտուգալիայի նախագահ Մարսել Ռեբելո դե Սուսասի միջև տեղի է ունեցած հանդիպման մասին: «Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը խոսել են Եվրամիության դիտորդական առաքելությանը պորտուգալացիների դիտորդական խմբի ընդգրկման կարևորության վերաբերյալ: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև պաշտպանական ոլորտում հարաբերությունների խորացման և Վրաստանի պաշտպանական ունակությունները բարձրացնելու գործում Պորտուգալիայի հնարավոր աջակցության մասին: Մարսել Ռեբել դե Սուսան վերահաստատել է, որ Պորտուգալիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Վրաստանի նախագահը իր պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Վրաստան: Հանդիպմանը՝ Վրաստանի պատվիրակությունից ներկա են եղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների քարտուղար Թենգիզ Փխալաձեն և Բրազիլիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին:
«Netgazeti.ge»-ին, անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող նախընտրական պայքարին, տեղեկացնում է, որ Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին «Մաեստրո» հեռուստաալիքի եթերով հայտարարել է, թե հոկտեմբերի 8-ին սպասվող Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրի օրենսդիրում կոալիցիոն կառավարություն ստեղծելու նպատակով բանակցություններ կսկսվեն: «Վստահ եմ` հոկտեմբերը 9-ին կարթնանանք ավելի լավ Վրաստանում: Վրաստանում, որտեղ ընտրությունները տեղի ունեցած կլինեն նախորդից ավելի ազատ և անկախ, վրաց ժողովրդի կամքը լիովին արտահայտված կլինի Վրաստանի խորհրդարանում: Վստահ եմ նաեւ, որ Վրաստանի ժողովրդի կամարտահայտության դեպքում, Հանրապետական կուսկակցությունը, շատ այլ քաղաքական ուժերի հետ մեկտեղ, խորհրդարանում կունենա արժանապատիվ տեղ: Մենք մեծ քայլ կկատարենք բազմակուսակցական, ժողովրդավարական համակարգի ստեղծման տեսանկյունից: Այնուհետև բանակցություններ կսկսվեն, իմ խորին համոզմամբ, կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար: Մենք` հանրապետականներս, նույնպես կմասնակցենք այդ գործընթացին: Եթե հաջողվի մեր ընտրական ծրագրերը մյուս քաղաքական ուժերի ծրագրերի հետ սերտացնել, կլինենք կառավարությունում , եթե` ոչ, ապա կլինենք ընդդիմությունում»:
Խորհրդարանի ղեկավարի հայտարարության համաձայն, հանրապետականները պատրաստ կլինեն բանակցություններ սկսել այն կուսակցությունների հետ, որոնց համար կարևոր է օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, եվրոպական արժեքները և ինտեգրացիան ՆԱՏՕ-ին: Արդեն երեկոյան վրաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր Բորժոմի քաղաքում տեղի ունեցած աղետը:
Օգոստոսի 4-ին մի քանի ժամ տևած անձրևը և կարկուտը ողողել են փողոցները և շենքերի առաջին հարկերը: «Ռուսթավի 2» հեռուստաալիքը տարածել է Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարությունը, որի համաձայն խուճապի հիմքեր չկան և Բորժոմիում կենտրոնացվել են լրացուցիչ հրշեջ-փրկարարական խմբեր: Իր հերթին «Frontnews» պարբերականը փոխանցում է, որ քաղաքի որոշ հատվածներում բնակիչների տարհանում է իրականացվել: Աղետի պատճառով վնասվել է նաև Բորժոմի-Բակուրիանի ավտոճանապարհը: Հղվելով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության վրա` պարբերականը փոխանցում է, որ առավոտյան երթևեկությունը վերականգնված կլինի:
Վրաստանյան լրատվամիջոցները հրապարակեցին նաև վրաստանցի գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեի ֆեյսբուքյան էջի գրառումը՝ «վրացական ռասիզմի ծաղկաբանությունը վերնատառով»: ««Ես արևմտամետ եմ» արտահայտությունը ռասիստական արտահայտություն է: Քանի որ դա նշանակում է, որ արևելյան և հարավային ազգերը և մշակույթները թերարժեք ենք համարում: «Ես եվրոպական արժեքների կրող եմ» արտահայտությունը ռասիզմ է, քանի որ լավը ոչ միայն Եվրոպայում է, այն նաև Ասիայում է, Աֆրիկայում, Ավստրալիայում և Հարավային Ամերիկայում: Ինկվիզացիան և ռասիզմը «եվրոպական արժեներ» են և Ճապոնիայում ատոմային ռումբ կիրառել են հյուսիսամերիկյան սպիտակ ռասային պատկանող մարդիկ: 20-րդ դարի առավել բարբարոսական ակտերը նույնպես եվրոպական են, ինչպես նաև մեծագույն ձեռքբերումները և նվաճումները: Ռուսական իմպերիալիզմը Եվրոպական իմպերիալիզմի մի մասն է, այն միշտ ուղղված է եղել մաշկի սպիտակ գույն ունեցողների դեմ: Ես մարդկային արժեքները կրող մարդ եմ և` ո՛չ ասիացիներին և ո՛չ էլ աֆրիկացիներին մյուսներից ցածր չեմ համարում: Յուրաքանչյուրն ունի իր թերությունները և արժանապատվությունը»,- Իրակլի Կակաբաձեի այս գրառումը հրապարակել է «News.ge» պարբերականը: