Հոդվածի առաջին մասը՝ հեղափոխության ժամանակագրությունը կարող եք կարդալ այստեղ։
«Վարդերի» հեղափոխությունից հետո Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեցին: Մինչ այդ՝ հունվարի 4-ին նախագահական ընտրություններ էին անցկացվել, որտեղ մոտ 97 տոկոս ձայնով հաղթող էր ճանաչվել հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին: Ընտրությունները տեղի էին ունեցել առանց ընտրական օրենսգիրքը փոխելու, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերաբերում էին միայն համամասնական ցուցակին: Մեծամասնական կարգով 2003 թվականին խորհրդարան անցած պատգամավորների մանդատներն օրինական էին համարվել:
2004 թվականի մարտին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն: Ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ խորհրդարան էր անցել երկու ուժ՝ «Միացյալ ազգային շարժում — դեմոկրատներ» դաշինքը, որի կազմում էին նաև Զուրաբ Ժվանիայի և Նինո Բուրջանաձեի կուսակցությունները և «Աջակողմյան ընդդիմություն – արդյունաբերողներ» դաշինքը:
«Միացյալ ազգային շարժում –դեմոկրատներ» դաշինքը ստացել էր ձայների 66.24 տոկոսը, իսկ երկրորդ ուժը՝ 7.56 տոկոսը: Խորհրդարանում իշխող կուսակցությունն ուներ 135 մանդատ, ընդդիմությունը՝ միայն 15: Ընտրությանը չէր մասնակցել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի՝ «Քաղաքացիների միավորում» կուսակցությունը, որը 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների չեղյալ հայտարարված արդյունքներով առաջին տեղում էր: Բացի այդ, պատգամավորական մանդատ էր ստացել 85 մեծամասնական պատգամավոր: Այստեղից 12-ին ինքնաբերաբար մանդատ էր տրվել որպես Աբխազիայի Ինքնավար Հանրապետության մեծամասնական պատգամավորների: Քանի որ Վրաստանը չէր վերահսկում Աբխազիայի տարածքը և ընտրություններ անցկացնելու հնարավորություն չուներ: Ավելի ուշ՝ 2004 թվականի օգոստոսին, նրանց իրավասությունները չեղյալ հայտարարվեցին և Վրաստանում դադարեցվեցին ինքնաբերաբար մանդատներ տրվել Աբխազիայի մեծամասնական նախկին պատգամավորներին:
Ընտրություններից հետո խորհրդարանի խոսնակ ընտրվեց Նինո Բուրջանաձեն:
—
Վրաստանում հետհեղափոխական իրավիճակից ելնելով՝ բոլորը վստահ էին, որ հաղթելու է «Միացյալ ազգային շարժում – դեմոկրատներ» դաշինքը: Մնացած բոլոր կուսակցությունները պայքարում էին 7 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար:
Սակայն այլ իրավիճակ էր Աջարիայում, որտեղ հեղափոխությունը դեռ ոտք չէր դրել: Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ասլան Աբաշիձեն Թբիլիսիից կտրված քաղաքականություն էր վարում, չէր ենթարկվում Թբիլիսիին, չէր թողնում նախագահ Սաակաշվիլիի ներկայացուցիչները տեղում ստուգումներ անցկացնեն և այսպես շարունակ: Պաշտոնական Թբիլիսին նույնիսկ տնտեսական սանկցիաներ էր կիրառել Աջարիայի դեմ, իսկ Աբաշիձեն զենք էր բաժանել տեղի բնակչությանը: Այս լուրը հերքվում էր Աբաշիձեի կողմից, սակայն 2004 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ մի շարք հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, այդ թվում նաև բաժանված զենքերը ետ հավաքել: Հանդիպումը տևել էր 4 ժամ: Ընթացքում նաև համաձայնության էին հասել, որ Աջարիայում գործելու է նախագահի ներկայացուցչություն, հիմնականում խոսքը վերաբերում էր Թուրքիայի հետ մաքսակետում և Փոթիի նավահանգստում նախագահի ներկայացուցիչների նշանակման վերաբերյալ: Մինչ այս Սաակաշվիլին ներկայացուցիչներ էր ուղարկել Փոթիի նավահանգիստ, սակայն տեղում նրանք ծեծի էին ենթարկվել:
Ընտրություններից հետո միայն Աբաշիձեն, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ լքեց Բաթումին: Դա տեղի ունեցավ, երբ Աբաշիձեի «Վերածնունդ» կուսակցությունը ոչ միայն չանցավ երկրի խորհրդարան, այլ նաև սպասվելիք ձայներին չարժանացավ Աջարիայում:
—
Ընտրություններից առաջ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալումների մի շարք սկսեց: Տարբեր բարձրաստիճան ու միջին չինովնիկներ էին ձերբակալվում ու մեծ մասը հիմնականում կաշառակերության կամ պետությունից գումարներ գողանալու մեղադրանքով: Այդ շրջանում ձերբակալվեց նաև մաքսային ծառայության պետ Լևան Քիստաուրին, ով մեղադրվում էր իրավասությունների չարաշահման մեջ: Այդ ընթացքում, իշխող թիմը ձերբակալումներից բացի ցույց էր տալիս, որ Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի: Իր հերթին, Ռուսաստանը նույնպես աջակցություն էր հայտնում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելին՝ պաշտոնական Մոսկվան ընտրություններին ընդառաջ, մի քանի անգամ հայտարարեց, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Սաակաշվիլին նաև շնորհակալություն հայտնեց Պուտինին՝ «Աջարիայի ճգնաժամի լուծման գործում իր ունեցած դերի համար»:
Սաակաշվիլին այն ժամանակ հայտարարում էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահն ասել է, որ Աջարիայում գտնվող ռուսական ռազմաբազայի զինվորները չեն խառնվի ստեղծված իրավիճակին: Իսկ ընտրություններից ընդամենը օրեր առաջ Պուտինը հայտարարել էր, որ հնարավոր է Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարվի: Միևնույն ժամանակ, իրավիճակից դժգոհ էր Եվրոպայի խորհուրդը՝ բողոքելով, որ Վրաստանի նոր իշխանությունները հաշվի չեն առնում իրենց կողմից տրված հանձնարարականները, կապված ընտրությունների հետ: Եվրոպայի խորհրդում նշում էին, որ հեղափոխությունն արդեն ավարտվել է և հարկավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել: Կոնկրետ քայլեր ասելով, հիմնական ուշադրությունը սևեռվում էր ընտրական օրենսգրքին, որը պետք է փոխվեր մինչ ընտրությունները: Եվրոպայի խորհուրդը կոչ էր անում նվազեցնել 7 տոկոսանոց նվազագույն շեմը, փոխել ընտրական հանձնաժողովների ստեղծման մեխանիզմը: Ընտրությունները, սակայն, անցկացվեցին գործող ընտրական օրենսգրքով, ինչը, առաջին հերթին նշանակում էր, որ կամ ընդդիմություն չի լինելու, կամ էլ շատ փոքր քանակով է ներկայացված լինելու, ինչը և տեղի ունեցավ: Ընդամենը մեկ ընդդիմադիր դաշինք խորհրդարան անցավ, որը 15 մանդատ էր ստացել: