Թբիլիսիի երթուղային տաքսիներով երթևեկող քաղաքացիների համար անակնկալ էր, որ տրանսպորտային որոշ միջոցներում հանվել են ետևի նստարանները:
Երթուղայիններն առանց այդ էլ ցավոտ թեմա են Թբիլիսիի հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար: Տևական ժամանակ է մայրաքաղաքի բնակիչները բողոքում են մաշվածությունից, դրանցում կոմֆորտի բացակայությունից, ամռանը՝ օդորակիչները չեն միացվում, վարորդների վարքը ևս առանձին թեմա է: Դժգոհության առանձին պատճառ են նաև ծանրաբեռնված մեքենաները, երբ քաղաքացիները ստիպված են ոտքի վրա երկար ճանապարհ գնալ:
Եվս 4 նստատեղով պակասելն, իհարկե, չէր կարող առանց արձագանք մնալ։ Սոցիալական ցանցերում քաղաքացիները սկսեցին տարբեր վարկածներ գրել, դրանցից հիմնականը՝ վարորդները որոշել են այս կերպ տեղ խնայել մեքենաներում, իբր թե կանգնած վիճակում ավելի շատ ուղևոր է տեղավորվում: Օգտատերերը պահանջում են շահագործումից հանել երթուղայինները:
Իրականում պատկան մարմինները բացատրել են, որ վերջին նստարանների բացակայությունը նոր պարտադիր տեխզննման պահանջն է, ըստ որի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում երթուղայինը պետք է տարհանման ելք ունենա՝ ետևի դռներից:
Հիշեցնենք՝ պարտադիր տեխզննման գործընթացը մեկնարկեց ընթացիկ տարվա հունվարին, արդեն տեխզննում են անցել 3,5 տոննա և ավել կշռող ու գազով շահագործվող մեքենաները: Հոկտեմբերից սկսվել է տեխզննումը 3,0 և ավել լիտր ծավալ ունեցող մեքենաների համար, 2019-ի հունվարից պարտադիր է լինելու բոլոր մեքենաների համար: