Ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի պետ Գիորգի Վաշաձեն աշխատելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական շտաբում, 2019 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Մաեստրո» հեռուստաընկերությունը:
Վաշաձեն հեռուստաընկերությանը հայտնել է, որ թեև իրեն առաջարկում են Ուկրաինա տեղափոխվել, սակայն նա մնալու է Վրաստանում և այստեղից է օգնելու Ուկրաինայի նախագահին:
Նշենք, որ Պորոշենկոն և Սաակաշվիլին քաղաքական առճակատման մեջ են Ուկրաինայում, իսկ Վաշաձեն Վրաստանում՝ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի պետն էր այս տարվա նախագահական ընտրություններում:
Գիորգի Վաշաձեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակով խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2012 թվականին: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա «Նոր Վրաստան» կուսակցությունը հիմնեց և մասնակցեց ընտրություններին, սակայն չհաղթահարեց նվազագույն շեմը:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին: