Ջավախքում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Փոկա գյուղում, որտեղ սպանություն էր տեղի ունեցել, իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդմամբ, գյուղում սպանության մեջ կասկածվողի տներն այրելուց հետո, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ստիպված է եղել հատուկ ջոկատայիններ մոբիլիզացնել շրջանում:

Սպանվածի ընտանիքի անդամներն ասում են, որ սպանության մեջ մեղադրվողը, ով ընդունում է իր մեղքը, պարբերաբար վիրավորանքներ է հասցրել սպանվածին, մինչդեռ ոստիկանությունը չի արձագանքել: Սպանվածի հայրը պնդում է, որ հենց այդ պատճաոով է գյուղի բնակչությունը դուրս եկել սպանողի դեմ: Հեռուստաընկերության հաղորդմամբ, երկու կողմերն էլ ոստիկանությանն անգործության մեջ են մեղադրում:

«Ռուսթավի 2»-ը նաև նկարահանել է, թե ինչպես է Ախալցիխեի կենտրոնում կանգնեցվել մեղադրյալին մեկուսարան տեղափոխող մեքենան: Ոստիկանության մեքենան, նկատելով տեսախցիկը, հեռացել է տարածքից, իսկ մեղադրյալի հետ զրուցած անձը մանրամասներ չի պատմել:

Նշենք, որ սպանվածի ընտանիքը պնդում է, թե ոստիկանությունը կապ ունի մեղադրյալի հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում համագյուղացու հրազենային կրակոցից սպանվել էր 1985 թ. ծնված Խ.Տ.-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թարմ հետքերով ձերբակալել է 1986-ին ծնված Գ.Մ.-ին՝ հրազենով մարդասպանություն կատարելու մեղադրանքով: Ձերբակալվածն ընդունել է մեղադրանքը: